Աշխարհահռչակ ռեփ երգիչ 50 Cent-ը Հայաստան այցի ընթացքում մատանի է նվեր ստացել։ Զարդը պատրաստած «Դաֆնեզարդ» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, թե ինչ է խորհրդանշում այն։
«Մատանու վրա վերստեղծել ենք մեր քաղաքակրթության հնագույն աստվածներից մեկին` ՀԱՅԱ_ՀԱԼԴԻ_ԽԱԼԴԻ(Ի)Ն։
Հնագույն առասպելը պատմում է, որ աստվածներից առաջիններն ահեղ էին ու դարձան աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Այդ աստվածներից մեկը Հայան է, որի անվանումից էլ առաջացել է Հայաստան երկրի ինքնանվանումը: Հայան իմաստության, տիեզերքի, հզորության և բնության աստվածն էր, նրանից էին ծնունդ առել առաջին մարդիկ, մայր բնությունը և բոլոր բարիքները…
Ոսկյա եղջյուրները խորհրդանշում են Հայայի երկնային ծագումը։
Աչքերը սև ադամանդից են, ճակատի մեջտեղում Արևն է` դեղին ադամանդով, և որպես թագ, և որպես հզորություն։
Մատանու հենքը խորհրդանշում է հայոց լեռները։
Մենք հպարտ ենք,որ հենց այս միստիկ և հզոր կերպարով հայկական արտադրանքը ներկայանալու է աշխարհին։
Չէ որ սա հենց այն զարդն է, որով ճանաչվել են հնում և կճանաչվեն նաև այսօր»։