«ՀԱՅԱ» փառատոնը ներկայացնում է Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը Հայաստանում։ Երկար սպասված համերգը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Երևանի Հրազդան մարզադաշտում:
Led Zeppelin լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:
Դիրիժորն անդրադարձավ երգերի ներկայացման ձևաչափին և վաղվա համերգին:
«Շատ առանձնահատուկ ձև է այս լեգենդար երգերը սիմֆոնիկ երաժշտության ձևաչափով ներկայացնել այդ չքնաղ պատկերների մեջ:
Բոլորս առաջին անգամ ենք այստեղ, բայց կանխազգացումները լավն են, շատ ոգևորված ենք: Մենք շատ ոգևորված ենք, քանի որ լեգենդար խմբի երգերը ներկայացնելու ենք Հայաստանում»,- ասաց նա և հավելեց, որ գաղափարը ձևավորվել է դեռևս 2019 թվականին:
Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել Լոնդոնում ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային:
Ավելի քան 50 տարի Led Zeppelin-ը ունեցել է մեծաթիվ երկրպագուների բանակ աշխարհի տարբեր ծայրերում: Led Zeppelin Symphonic-ը խմբի երաժշտության իսկական և վավերական ներկայացումն է՝ սիմֆոնիկ նվագախմբի ավելացմամբ՝ հանդիսանալով Zeppelin-ի երկրպագուների համար լրիվ նոր փորձառություն: