Հնարավո՞ր է արդյոք ազատվել ալերգիայից
Advertisement 1000 x 90

Հնարավո՞ր է արդյոք ազատվել ալերգիայից

Սննդային ալերգիան, սեզոնային ալերգիայի հետ մեկտեղ, շատ երեխաների եւ մեծահասակների համար սովորական խնդիր է: Փաստացի, ԱՄՆ-ում մոտ 50 միլիոն մարդ տառապում է ալերգիայի այս կամ այն տեսակից: Սակայն ամեն ալերգիա չէ, որ մնում է ողջ կյանքի ընթացքում, գրում է Yahoo Life-ը։

Երեխաների մոտ 80 տոկոսը 16 տարեկանում հաղթահարում է ալերգիան ձվի, կաթի եւ ցորենի նկատմամբ։ Գետնանուշի, ծառի ընկույզի եւ ծովամթերքի նկատմամբ ալերգիան հաճախ մնում է ողջ կյանքի ընթացքում, սակայն գետնանուշի ալերգիա ունեցող երեխաների 20-25 տոկոսի մոտ այն տարիքի հետ վերանում է։

Սննդային եւ սեզոնային ալերգիաները ալերգիայի միակ տեսակը չեն, որոնք հավերժ չեն մնում: Կարող է զարմանալի թվալ, բայց մարդկանց մեծ մասը, որոնք խոսում են պենիցիլինի նկատմամբ ալերգիայի մասին, իրականում կամ ալերգիայով չեն տառապում, կամ տարիքի հետ այն անցնում է:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ թեեւ ամերիկացիների մոտ 10 տոկոսը հայտնում է, որ ալերգիա ունի պենիցիլինի հանդեպ, նրանց մոտ 90 տոկոսն իրականում այն չունի: Ալերգիա ունեցողների գրեթե 80 տոկոսի մոտ պենիցիլինի նկատմամբ ալերգիան տարիքի հետ անցնում է՝ 10 տարի այն չընդունելուց հետո:

Սեզոնային ալերգիաների դեպքում լավագույնս օգնում է իմունոթերապիան: Խոսքը նաեւ տնային կենդանիների թեփի, փոշու տզի եւ բորբոսի, ինչպես նաեւ միջատների, ներառյալ մեղուների, կրետների կամ իշամեղուների խայթոցների հանդեպ ալերգիայի մասին է, ըստ Mayo Clinic-ի տվյալների:

Հնարավոր է դարձել նաեւ գետնանուշի հանդեպ ալերգիայի իմունոթերապիան։ Ասթմայի եւ ալերգիայի ցանցի համաձայն, բժշկի հսկողության ներքո գետնանուշի չափաբաժնի դանդաղ ավելացումը կարող է հանգեցնել նրան, որ պացիենտը սովորի գետնանուշի սպիտակուցի բարձր չափաբաժիններին: Թեեւ այս մեթոդը բուժում չէ, սակայն կարող է օգնել նվազեցնել գետնանուշի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների հաճախականությունն ու սրությունը:

Ամենահուսալի միջոցը, որպեսզի իմանաք, թե արդյոք տարիքի հետ ձեր ալերգիան անցել է, կամ ընդհանրապես ունեք ալերգիա, ալերգոլոգի մոտ թեստ անցկացնելն է:

Անաֆիլաքսիայի վտանգի տակ գտնվող հիվանդների համար ալերգոլոգները կարող են նշանակել էպինեֆրինի ավտոներարկումներ, որոնք կօգնեն նվազեցնել օրգանիզմի ալերգիկ ռեակցիան: Մասնագետները խորհուրդ են տալիս այս դեղամիջոցը միշտ ձեռքի տակ ունենալ, հատկապես բարձր ռիսկային իրավիճակներում:

news.am