Դեղամիջոցներ, որոնց ընդունումը շոգ եղանակին կարող է վտանգավոր լինել
Advertisement 1000 x 90

Դեղամիջոցներ, որոնց ընդունումը շոգ եղանակին կարող է վտանգավոր լինել

Շոգ եղանակին կենսական նշանակություն ունեցող որոշ դեղամիջոցների ընդունումը կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել առողջության համար։ Այս մասին «Аргументы и факты» պարբերականի հետ զրույցում ասել է թերապևտ, սրտաբան Ազիզխոն Ասկարովը։

Բժշկի խոսքով՝ շոգ եղանակին կարող է վտանգավոր լինել ցավազրկող դեղամիջոցների, ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների, հորմոնալ դեղերի ու նիհարելուն նպաստող դեղորայքի ընդունումը։ Բանն այն է, որ դրանք բարձրացնում են արյան թանձրությունը, ինչպես նաև կարող են հանգեցնել որովայնի ցավերի, զարկերակային ճնշման տատանումների ու սրտամկանի աշխատանքի խանգարման։

Բացի այդ, առողջության վրա բացասաբար կարող է անդրադառնալ նաև զարկերակային գերճնշման ու սրտային անբավարարության բուժման համար կիրառվող միզամուղ դեղերի ու միզագոյացումը խթանող դեղորայքի ընդունումը։ Մասնագետի խոսքով՝ դեղամիջոցների այդ կատեգորիան շոգ եղանակին կարող է հանգեցնել օրգանիզմի լուրջ ջրազրկման։

Վերոնշյալ դեղորայքից բացի, բժիշկը նաև խորհուրդ է տվել շատ զգույշ լինել բրոնխիալ ասթմայի ու թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության բուժման համար կիրառվող ինհալատորների գործածության դեպքում, քանի որ դրանց կողմնակի բարդությունների շարքին են դասվում սրտի զարկերի արագացումը, զարկերակային ճնշման բարձրացումը, գլխապտույտներն ու գլխացավերը։

tert.am