2022 թվականի ապրիլի դրությամբ՝ գյուղական բնակչությունն ավելացել է մոտ երկու հազարով, իսկ քաղաքայինը նվազել է չորս հազարով
Advertisement 1000 x 90

2022 թվականի ապրիլի դրությամբ՝ գյուղական բնակչությունն ավելացել է մոտ երկու հազարով, իսկ քաղաքայինը նվազել է չորս հազարով

2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ ծնունդների թիվը նվազել է 800-ով՝ կազմելով 13581 ծնունդ: Այս մասին «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

«Ավելի ճիշտ կլինի, որ սպասենք տարեվերջին ամփոփ տվյալների համար՝ տեսնենք, թե տենդենցն ինչպես է պահպանվում: Այստեղ պետք է ընդգծել, որ 2022 թվականի հունվարի 1-ից երրորդ երեխա ունեցող երեխաներին համար մայրերին մինչեւ երեխայի վեց ամսական դառնալը վճարվում է ամսական 50 հազար դրամ: Հունիսի 1-ի դրությամբ 4500 կին դիմել է այդ ծրագրի համար: Այսինքն՝ վերը նշված թվից 4500-ը երրորդ երեխան է, ինչ ուրախալի ցուցանիշ է: Նվազել է նաեւ մահացածների բացարձակ թիվը, ինչը հնարավորություն է տալիս, որ ունենանք բնական հավելաճ, այսինքն՝ ծնվածների եւ մահացածների բացարձակ թվաքանակի տարբերությունը», – նշեց Աննա Հովհաննիսյանը:

Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ 2022 թվականի ապրիլի դրությամբ՝ գյուղական բնակչությունն ավելացել է մոտ երկու հազարով, իսկ քաղաքայինը նվազել է չորս հազարով:

«Գյուղական բնակչությունն ավելացել է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Մնացած մարզերում գրանցվել է գյուղական բնակչության նվազում: Աշխարհում սովորաբար ծնելիության գումարային գործակիցը միշտ ավելի բարձր է, քան քաղաքայինը:

Վերջին տարիներին՝ սկսված 2012 թվականից աննախադեպ երեւույթ կար, երբ քաղաքային բնակչության շրջանում ծնելիությունն ավելի բարձր էր, քան գյուղականում: Սակայն դրա դեմ ուղղված շատ ծրագրեր իրականացվեցին, մասնավորապես՝ գյուղական բնակչության տարանջատման ուղղությամբ, ինչի արդյունքում այսօր ունենք գյուղական բնակչության աճ», – ընգծեց Հովհաննիսյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ գյուղական բնակչությունը շատացել է, քանի որ Արցախի օկուպացված շրջաններից տարհանված քաղաքացիները բնակություն են հաստատում գյուղերում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման վերլուծություն չի կատարվել. «Պետք է սպասել տարեվերջյան տվյալներին, որպեսզի հասկանանք ցուցանիշները շարունակո՞ւմ են աճել եւ որո՞նք են միտումները»:

med.news.am