«Երեկ, այսօր, հավերժ…»՝ հենց այս խորագրի ներքո հուլիսի 28-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայինի համալիրի դահլիճում, կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, լեգենդար կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին նվիրված համերգային հուշ-երակոն, որի ընթացքում իրենց սիրելի ուսուցչի ու «երաժշտական կնքահոր» երգերը կներկայացնեն հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի արտիստները։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում կոմպոզիտորի դուստրը՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանը, մանրամասներ է բացահայտել սպասվող համերգի վերաբերյալ։
Մանեի խոսքով՝ հայրը վաղուց է ունեցել նման համերգ կազմակերպելու մտադրություն, սակայն համավարակն ու պատերազմը փոխել էին Արթուր Գիիգորյանի տրամադրությունն, ու գաղափարը զիջել էր դաժան իրականությանը։ Սակայն կոմպոզիտորի դուստրն ու թատրոնի տարբեր տարիների սաները որոշել են միավորվել եւ, ի հիշատակ սիրելի վարպետի, կյանքի կոչել նրա մտահաղացումն ու համերգային երեկոն նվիրել նրա հիշատակին։
«Պապայի նախորդ համերգը կոչվում էր «Երեկ, այսօր․․․», նույն խորագրով հայրս նաեւ ձայնասկավառակ է ունեցել․ նա այդ բազմակետը միշտ թողնում էր, որպես հարց։ Նրա մահից հետո գտանք այդ հարցի պատասխանը՝ հավերժ․ «Երեկ, այսօր, հավերժ․․․», ու հավերժ կհնչի պապայի երաժշտությունը, մենք ամեն ինչ կանենք այդ ամենը տարածելու, պահելու համար՝ այնպես, ինչպես դա անում էր ու կաներ նա»,-նշեց Մանե Գրիգորյանը,-«Համերգի գաղափարը ծնվել էր դեռեւս երկու տարի առաջ, մինչեւ կորոնավիրուսն ու պատերազմը։ Տիգրան Վիրաբյանն առաջարկեց անել մեծ համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը պետք է տեղի ունենար Արցախում, հետո նաեւ՝ Հայաստանում։ Երգացանկը, երգիչների կազմը, ամեն բան քննարկվել էր պապայի հետ։ Ավելի ուշ, բնականաբար, կորոնավիրուսը դրան խանգարեց, այնուհետեւ՝ պատերազմը, պապան տրամադրություն չուներ, ոչ մեկս չունեինք տրամադրություն ու չէինք մտածում համերգի մասին։ Իսկ երբ արդեն որոշեցինք վերսկսել կազմակերպչական աշխատանքները, հայրս արդեն վատառողջ էր, զբաղվում էինք բուժմամբ․․․ Նրա մահից հետո Տիգրան Վիրաբյանն առաջարկեց, որ այս նույն գաղափարով այս մեծ համերգն անենք պապայի հիշատակին նվիրված, եւ այն տեղի է ունենալու նրա ծննդյան օրվան ընդառաջ՝ հուլիսի 28-ին (Արթուր Գրիգորյանը ծնվել է հուլիսի 31-ին․ հեղ․)»,-հավելեց նա։
Արթուր Գրիգորյանի՝ տարբեր տարիների երգերը համերգին կհնչեն նոր ու թարմ շնչով, իսկ կատարումները կուղեկցվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ,- «Նվագախմբի համար բոլոր երգերի գործիքավորումներն արել է Կարեն Անանյանը։ Մեզ միացել են թատրոնի բոլոր սերունդների արտիստները, Հանրային հեռուստաընկերությունը, մեզ հետ է Background production-ը՝ ի դեմս Վազգեն Պողոսյանի, որը, նույնպես, ժամանակին իր առաջին քայլերը սկսել է Երգի պետական թատրոնից, պապայի սաներից է եղել։ Մեզ միացել է նաեւ ռեժիսոր Արթուր Մանուկյանը, որի առաջին քայլերը եւս սկսվել են թատրոնից, եւ պապայի վերջին տեսահոլովակը՝ «Հավերժ Հայրենիքը» նկարահանել է հենց նա։ Համերգի հետ կապված ժամանակին հայրս, Արթուրը եւ ես քննարկումներ ունեցել ենք, թե ինչպիսին այն պետք է լինի, եւ կփորձենք այդ բոլոր գաղափարները կյանքի կոչել համերգի օրը»։
Մանեի խոսքով՝ համերգի օրը հանդիսատեսին կներկայացվեն Արթուր Գրիգորյանի բազմաթիվ ստեղծագործություններից 22 -ը՝ ամենահայտնի արտիստների, ինչպես նաեւ՝ Երգի պետական թատրոնի նոր սերնդի կատարմամբ։
Ամբողջությամբ՝ style.news.am