Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած կոնսոլիդացիոն բանակցությունները գրեթե ավարտված են: Մեր տեղեկություններով՝ փետրվարի 2-ին Գագիկ Ծառուկյանի հետ այս օրերին բանակցություններ վարող քաղաքական ուժերի ղեկավարները հանդիսավոր ձևով կստորագրեն ԱԺ ընտրություններին համատեղ մասնակցելու մասին համագործակցության հուշագիր:
Մինչ այս պահը հստակություն կա հետևյալ քաղաքական ուժերի հետ հուշագիր ստորագրելու մասին: Դրանք են՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայաստանի ռամկավար ազատական, Հայոց Համազգային շարժում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունները և «Միասնություն» շարժումը:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց մեր տեղեկությունները՝ խոստանալով ավելի ուշ պարզաբանում տրամադրել: