Կոսովոյում օդային տագնապի ազդանշաններ են հնչում
Advertisement 1000 x 90

Կոսովոյում օդային տագնապի ազդանշաններ են հնչում

Կոսովոյի հյուսիսային հատվածում հուլիսի 31-ի երեկոյան օդային տագնապի ազդանշաններ են հնչել, տարածաշրջանի սերբ բնակչությունն սկսել է բարիկադներ կառուցել, հայտնում է Novosti.rs պորտալը։

Նշվում է, որ ազդանշանները հնչել են տեղական ժամանակով 17:30-ից հետո։ Միտրովիցայում Կոսովոյի ոստիկանության սահմանային բազայի դիմաց տեսել են համազգեստով և գնդացիրներով զինված ոստիկաններ։ Նշվում է, որ սերբերն սկսել են բարիկադներ կառուցել Ռուդար եւ Զուպչա քաղաքներում ալբանական հատուկ ջոկատայինների ճանապարհը փակելու համար։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր զգուշացրել է, որ Սերբիան թույլ չի տա սերբերի հերթական ջարդը Կոսովոյում։

«Իմ խնդրանքը բոլորին՝ ամեն գնով խաղաղություն պահպանելու համար, խնդրում եմ ալբանացիներին մտափոխ լինել, իսկ սերբերին՝ չտրվել սադրանքներին, խնդրում եմ Կոսովոն ճանաչած խոշոր երկրների ներկայացուցիչներին թույլ չտալ իրենց խնամակալության տակ գտնվողներին հակամարտություն հրահրել», – ասել է Սերբիայի նախագահը։

Ավելի վաղ Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել էր, որ ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության ալբանական իշխանությունները ծրագրում են «դժոխք կազմակերպել» այնտեղ բնակվող սերբերի համար՝ չեղյալ համարելով Բելգրադի կողմից տրված փաստաթղթերը։



Նման նյութեր