ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական անակնկալ այցն է կատարել այս անգամ Հյուսիսային ավտոկայարան` տեղում ծանոթանալու ավտոկայարանի շենքային պայմաններին և սպասարկման հնարավորություններին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից ներկայացրին, որ կանգառում սպիտակ համարանիշով միկրոավտոբուս նկատելով՝ նախարարը խիստ հանձնարարական է տվել Տրանսպորտային տեսչությանը` հետևել, որպեսզի ուղևորներին սպասարկեն միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնակցել են երթուղիների մրցույթներին և դեղին համարանիշներով են:
Վահան Մարտիրոսյանը մոտեցել է ավտոկայարանի կանգառում հավաքված երթուղայինների վարորդներին, հետաքրքրվել, թե ի՞նչ դժգոհություններ ունեն: Պարզվել է, որ ուղևորների սակավությունը ձմռան ամիսների ընթացքում երթուղայինների վարորդների հիմնական խնդիրն է:
Ավտոկայարանի ներկայացուցիչներն էլ հայտնել են, թե ուղևորների հոսքի պակասը բերում է չվացուցակի խախտումների: Փոխադրողները լիարժեք չեն իրականացնում պայմանագրով նախատեսված իրենց բոլոր պարտականությունները, արդյունքում տուժում է ուղևորը:
Վահան Մարտիրոսյանը Տրանսպորտային տեսչությանը ևս մեկ հանձնարարական է տվել` հսկողության տակ առնել ուղևորափոխադրումների չվացուցակների լիարժեք իրականացումը:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվելուց հետո ընթացքի մեջ է երթուղիների կանոնակարգումը: Ավտոկայարանի ներկայացուցիչներն ասում են՝ շատ սպասված գործընթաց է, որի արդյունքում իրենց տնտեսության վիճակը շատ կբարելավվի, շրջանառությունը կմեծանա, իրենց ուժերով կկարողանան ավտոկայարանը բարեկարգել, սպասարկման որակը բարձրացնել:
Դրական տեղաշարժն արդեն շոշափելի է: Միջազգային փոխադրումներ իրականացնող ուղերթերի մրցույթներն անցկացվել են, շուտով կկնքվեն փոխադրողների հետ պայմանագրերը: Ավտոկայարանում գործընթացի հետ մեծ հույսեր են կապում. շարժը կակտիվանա: Սրանից կօգտվի ոչ միայն ավտոկայարանը, այլև ինքը՝ ուղևորը. երթուղային տաքսի կամ ավտոբուս նստելիս համոզված կլինի, որ մեքենան սարքին է, վարորդն` առողջ :
Ավտոկայարանի տարածքում է գործում նաև մինչև այժմ ոչ կանոնավոր միջազգային փոխադրումներ իրականացնող խոշոր ընկերություններից մեկը: Նրանք էլ գոհ են օրենքի փոփոխ ություններից: Շատ շուտով կանոնավոր փոխադրող կդառնան, սրանով ուղևորափոխադրումների հետ կապված իրենց խնդիրները կլուծվեն: Խոստանում են տոմսերի ձեռքբերման իրենց էլեկտրոնային համակարգն էլ տրամադրել ավտոկայարանին: