Ինչով է պայմանավորված կարմիր խալերի առաջացումը և կարող են արդյոք դրանք վտանգավոր լինել
Advertisement 1000 x 90

Ինչով է պայմանավորված կարմիր խալերի առաջացումը և կարող են արդյոք դրանք վտանգավոր լինել

Մաշկին կարմիր խալերի՝ անգիոմաների առաջացումը սովորաբար մարմնի այդ հատվածին ոչ էսթետիկ ու հիվանդագին տեսք է հաղորդում, ինչի պատճառով էլ տհաճ զգացողություններ է առաջացնում, սակայն քչերին է հայտնի՝ ինչով է պայմանավորված նման խալերի առաջացումը և կարող են արդյոք դրանք վտանգավոր լինել։

Մաշկաբան Յուլիա Գալյամովայի խոսքով՝ կարմիր խալերը ոչ այլ ինչ են, քան մաշկի լայնացած միկրոանոթներ։ Դրանք նման են հեմանգիոմաներին, այսինքն՝ բարորակ ուռուցքներ են, որոնք բաղկացած են արյունատար անոթների էնդոթելային բջիջներից։

«Դրանց առաջացումը կապված է երկու գործառույթի հետ։ Առաջինը տարիքային փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում օրգանիզմում ու ուղեկցվում են արյունատար կամ ավշային անոթներից անոթային ուռուցքների առաջացմամբ», – նշել է նա՝ հավելելով, որ այդ խալերը հաճախ տարբերվում են գույնով ու ձևով, քանի որ կարող են լինել ինչպես տափակ, այնպես էլ աստղաձև ու հանգույցային։

«Այսպես կոչված խալի գույնը կարող է լինել կարմիր կամ կապտավարդագույն։ Կետային անգիոմատոզային գոյացությունները կարող են մաշկի մակերևույթից բարձր լինել կամ լինել տափակ և արյունատար անոթների մանր ճյուղերով», – ընդգծել է մասնագետը։

Նման խալերի առաջացման երկրորդ պատճառը, ըստ Գալյամովայի, կապված է նյութափոխանակության խանգարման կամ լյարդի հիվանդությունների զարգացման հետ, սակայն այս վարկածը գիտական հաստատում դեռ չի ստացել։

Ինչպես շեշտում է բժիշկը, նման նորագոյացություններից պետք չէ վախենալ, քանի դրանք չեն վերափոխվում քաղցկեղի և զուտ էսթետիկ խնդիր են։ Եթե դրանց առկայությունը չափազանց տհաճ է, ապա լազերային պրոցեդուրայի միջոցով կոսմետոլոգը կարող է ազատել դրանցից։ Նման պրոցեդուրայից հետո տվյալ հատվածում կարմիր խալեր կրկին չեն առաջանում։

Նյութի աղբյուրը՝ «Вечерняя Москва»

tert.am