Ռիվերսայդի Կալիֆոռնիայի համալսարանից (UCR) մի խումբ գիտնականներ բացահայտել են բույսերում սալիցիլաթթվի ձևավորման մեխանիզմը: Այս նյութը ասպիրինի պրեկուրսորն է և դեռևս Հին Եգիպտոսից սկսած օգտագործվել է որպես ունիվերսալ և մատչելի ցավազրկող: Մարդիկ այն ստացել են ուռենու տերևներից և կեղևից, բայց միայն վերջերս են գիտնականները բացահայտել, որ սալիցիլաթթուն օգտագործում են նաև հենց բույսերը՝ որպես սթրեսը թեթևացնող միջոց։
Բույսերը ցավը չեն ընկալում այնպես, ինչպես կենդանիները, բայց անբարենպաստ պայմաններում կարող են սթրեսի ենթարկվել, ինչը խանգարում է դրանց աճին: Սալիցիլաթթուն օգնում է բույսերին առավել հեշտությամբ դիմանալ այս վիճակին, ուստի էվոլյուցիայի ընթացքում բույսերը սովորել են ինքնուրույն արտադրել այն: Խնդիրն այն է, որ բույսը նախապես չգիտի, թե երբ իրեն նման օգնություն պետք կգա, այլ կերպ ասած՝ բույսը չի կարող նախորոք ցավազրկողներ կուտակել, ինչպես դա անում է մարդը՝ ասպիրին գնելով։
Գիտնականներն ուսումնասիրել են Arabidopsis կոչվող բույսը (հիմնականում օգտագործվում է որպես մոդել օրգանիզմ) և պարզել, որ սթրեսի ավելացման հետ մեկտեղ դրանում մեծանում է MEcPP մոլեկուլի արտադրությունը։ Սա, այսպես կոչված, «ազդանշանային» մոլեկուլ է, որի կոնցենտրացիայի բարձրացումը բույսերում խթանում է սալիցիլաթթվի սինթեզը։ Գիտնականները հույս ունեն, որ կկարողանան վերահսկել այս մեխանիզմը և կսովորեն, թե ինչպես «բուժել» բույսերը, նախքան դրանք սթրեսի կենթարկվեն։ Նման մեթոդով հնարավոր կլինի պաշտպանել բերքը անբարենպաստ կլիմայական պայմաններից։