Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում Սերժ Սարգսյանի անունով բացված էջը նախագահականի պահանջով ժամեր առաջ փակվել է: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
– Պարոն Հակոբյան, երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում Սերժ Սարգսյանի անունով բացված էջն այսօր փակվել է: Արդյո՞ք դա նրա պաշտոնական էջն էր, եթե այո, ապա՝ ինչո՞ւ է փակվել:
– Նախագահի անունով բացված էջը կեղծ է, մեր կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որոնց արդյունքում նշված կեղծ էջն արդեն իսկ հեռացվել է սոցիալական ցանցից:
– Ձեռնարկված միջոցներն օրինականության շրջանակո՞ւմ են եղել:
– Բնականաբար, ֆեյսբուքի գրասենյակի հետ կապվել ենք: Հայտնել են, որ նշված էջը կեղծ է, որից հետո ֆեյսբուքից սահմանված կարգով էջը հեռացվել է:
– Առաջիկայում Սերժ Սարգսյանը չի՞ ունենա պաշտոնական էջ սոցիալական ցանցում:
– Հնարավոր չեմ համարում, որովհետեւ այս տարիների ընթացքում դրա կարիքը չի եղել: Առաջիկայում էլ, ինձ թվում է, որ նման բան չի նախատեսվում:
Նշենք, որ «Սերժ Սարգսյան» անունը կրող ֆեյսբուքյան էջի գործարկումից հետո օգտատերերի ճնշող մեծամասնությունը սկսեցին այդ էջում տեղադրված նկարների տակ տարաբնույթ մեկնաբանություններ թողնել՝ ընդհուպ հայհոյանքներ: