Դերասան Գագիկ Մադոյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք առաջիկա անելիքների և «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Զրույցի սկզբում Գագիկը նախ նշեց, որ տպավորված է ոչ միայն «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի նկարահանումներով, այլև ամբողջական ֆիլմով:
«Պետք է շեշտեմ, որ ֆիլմի ստեղծագործական թիմում հավաքված էին շատ պրոֆեսիոնալ, միմյանց հանդեպ խիստ հարգալից մարդիկ, ինչն էլ հաճելի աշխատանքային մթնոլորտ էր ստեղծում: Անձամբ ես մեծ հաճույք եմ ստացել նկարահանման օրերին, անգամ տխրեցի, երբ ավարտվեցին իմ նկարահանման օրերը. խոսքն, իհարկե, ֆինանսական կողմի մասին չէ, ինձ հաճելի էր նման ստեղծագործական պրոֆեսիոնալիզմ ունեցող թիմի հետ աշխատելը»,- նշեց դերասանն ու հավելեց.
«Սա բարձրորակ ֆիլմ է, և այն թյուր կարծիքը, թե բարձրարժեք, բարձր արվեստ ներկայացնող ֆիլմերը հանդիսատես չեն ունենում և նման ֆիլմերը բոլորի համար չեն, Մհեր Մկրտչյանը ճիշտ հակառակը ապացուցեց` ուղղակի պետք է նկարահանել ֆիլմ` բոլորի համար»:
Համեմատելով «Կյանք ու կռիվ» ֆիլմերի երկու մասերը և հարցին, թե որպես հանդիսատես նրան ֆիլմի առաջին, թե երկրորդ մասն է դուր եկել, պատասխանեց.
«Կարծիքներ դեռ շատ կլսվեն, հատկապես, որ մարդակնց դեռ շատ քիչ հատվածն է դիտել երկրորդ մասը: Եթե անձամբ իմ կարծիքը հայտնեմ, ապա պետք է ասեմ, որ ինձ համար շատ ավելի տպավորիչ էր երկրորդ մասը: Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ես էլ եմ երկրորդ մասում նկարահանվել, այլ օբյեկտիվորեն գնահատելով, թեև առաջինում ևս կան լուրջ դերակատարումներ»:
Գագիկ Մադոյանը «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում մարմնավորում է ազգի դավաճանի, իր խոսքով` մեղմ ասած բացասական հերոսի: Թե որքանո՞վ էր դժվար խաղալ նման հերոսի` լինելով նախ հայրենասեր մարդ, ապա դերասան, մեր զրուցակիցը նշեց.
«Նախ պետք է ասեմ, որ ֆիլմի պրեմիերայից հետո շատ բնական ռեակցիա տեղի ունեցավ՝ ինձ մտերիմ շատ մարդիկ սկսեցին ինձ վիրավորել` ասելով, թե ոնց չեմ ամաչում: Իհարկե, ես հասկանում եմ, որ նրանք ու առհասարկ բոլորը չեն ուզում հավատան, որ մեզանում կգտնվի նման մարդ: Բնականաբար, իմ քաղաքացիական դիրքորոշումը այլ է, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը ու ցավում եմ, որ մինչ այսօր կան իմ հերոսի նման դավաճան մարդիկ, դրա վառ օրինակը Վահան Մարտիրոսյանն է: Ինչ վերաբերվում է դժվարություններին` ես գիտեի, թե ուր եմ գնում, ու Մհեր Մկրտչյանն էլ գիտեր` ինչ է արվում: Մեզ մոտ տպավորված է, որ բացասական կերպարներին դաժան դիմագծերով մարդիկ պետք է մարմնավորեն, սակայն իրականությունը ապացուցում է, որ բարի արտաքին ունեցողները կարող են լինել մեծագույն սրիկաներ: Ես կարողացա հեշտ մարմնավորել նրան, քանի որ նա ինձ հետ կապ չուներ ու չէր կարող անդրադառնալ իմ գեղագիտական ընկալումների, աշխարհայացքի և քաղաքացիական դիրքորոշման վրա, հետևաբար ես շատ հանգիստ եմ աշխատել: Եթե այսօր մարդիկ ֆիլմը դիտելիս իմ նկատմամբ վատ էմոցիաներ են ապրում, ուրեմն ինձ մոտ ստացվել է ճիշտ խաղ ցույց տալ»:
Անդրադառնալով Գագիկ Մադոյանի` այս շրջանի գործունեությանը` դերասանը պատմեց, որ հավանականություն կա շուտով կրկին հեռուստադիտողին ներկայանալ, սակայն այս անգամ սիթքոմի շրջանակում.
«Հիմա ծրագրեր կան նոր սիթքոմի հետ կապված, որտեղ մասնակցության հրավեր ունեմ: Չգիտեմ, կհաջողվի ու այդ մտքերը կյանքի կկոչվի, թե ոչ, ամեն դեպքում ինքս էլ սպասում եմ զարգացումերին»,- հավելեց դերասանը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am