Պետք է մեր ուժերը ոչ թե ծախսենք մի կտոր ավելի հող պահելու համար, այլ երկիրը այս վաճառականների ձեռքից վերցնելու․ Կարին Տոնոյան
Advertisement 1000 x 90

Պետք է մեր ուժերը ոչ թե ծախսենք մի կտոր ավելի հող պահելու համար, այլ երկիրը այս վաճառականների ձեռքից վերցնելու․ Կարին Տոնոյան

Մենք Արցախ համարյա էլ չունենք այս պահին․ կտոր-կտոր, թե ամբողջությամբ, էլ էական չէ, որովհետև մնացածում էլ օտարն է որոշում ու իշխում, ուստի մի կտոր ավել կամ պակասն այլևս ոչինչ չի փոխում:
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց հասարակական գործիչ Կարին Տոնոյանը, որի որդին՝ Մենուան, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներից մեկն է։

«Մենք հիմա պետք է մեր ուժերը ոչ թե ծախսենք մի կտոր ավել պահելու համար, այլ ամբողջ էներգիան կենտրոնացնենք երկիրը այս վաճառականների ձեռքից վերցնելու և համակարգված հզոր աշխատանքով, եթե կուզեք ազգային դիկտատուրայով անգամ երկիրը դնենք զարգացման այնպիսի ճանապարհի վրա, որ 10 տարի կամ 20 տարի հետո հետ բերենք վերջին կորցրածներն ու դառնանք ավելի վաղ կորցրածին»,-նշեց Տոնոյանը։

Երբ ես Արարատ էի բարձրանում, ինձ թվում էր անհնար է այլևս, սպառված ու որ վերջացած են  բոլոր ուժերս, անգամ հավատս էր վերջացել, բայց մեծ ցանկությունն ու համառությունն ինձ տեղ հասցրեցին, ես հասա գագաթ: Այդպիսին է լինելու նաև Հայաստան- երազանքի ճանապարհը, խոստովանում է հերոսի մայրը:

«Այլ տարբերակ չկա. մենք դեռ 30 տարի առաջ մեր երկիրը սխալ ճանապարհով ենք տարել, հիմա թե վարորդ կփոխենք, թե մեքենա՝ այլևս չի օգնելու, ՃԱՆԱՊԱՐՀԸ պիտի փոխվի, և փոխողն էլ մենք պետք է լինենք, միայնակ, ոչ թե հյուսիս-արևմուտք, արևելք ու հարավ ուղղելով մեր աղերսող հայացքը- ողորմություն խնդրողին միայն անկելանոց են տանում, հիշում ենք չէ՞»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Նրա համոզումն անշեղ է․ «Դժվար է լինելու, շատ դժվար, բայց պետականություն ունեցող Հայրենիք ունենալն էլ է շատ դժվար. այն իր գինն ունի, և այդ գինը պիտի տրվի»:



Նման նյութեր