Օգոստոսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմանում Երևանի բնակիչը՝ 25-ամյա Արման Սարգսյանը, իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնը՝ Երևանի բնակիչ, 70-ամյա Մարիա Ասլամազյանին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին ու փրկարարներին օգնել է, ովքեր վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այնուհետև վարորդը մոտեցել է նշված վայրում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ երեկ՝ ժամը 20։20-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Վարորդը այնուհետև դեպքի վայրից ներկայացել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել, ապա տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Մահացածը «Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրենն էր։