«Ֆրունզ, էն մեր ջահել օրերին ինչքա՜ն ես խեղճացրել ինձ…». հիշում է Սոս Սարգսյանը
Advertisement 1000 x 90

«Ֆրունզ, էն մեր ջահել օրերին ինչքա՜ն ես խեղճացրել ինձ…». հիշում է Սոս Սարգսյանը

cԼավ: Ասի հակիրճ լինեմ, Մհերի մասին շնորհքով-հարգանքով, էնպես քրիստոնեական մի բան գրեմ: Չuտացվեց: Տարիներն իրար հրմշտելով, դեպքերով-դեմքերով անկարգ ու անհարթ եկան խառնիխուռն լցվեցինև հիշողությանս մեջ: Դե գնա կարգավորի Էս ինչքան շատ բան կա մարդու ապրած օրերում: Օրեր, օրեր…

Հիշո՞ւմ ես, Ֆրունզ, ֆուտբոլի օրերը: Անհամբեր սպասում էինք, խաղ բաց չէինք թողնում, պարտադիր ստադիոնում էինք, ֆուտբոլի մեր գիտակներ Գալոյան Հովակի, Մկրտչյան Աշոտի հետ: Տոմս դժվարությամբ էինք ճարում ու եթե չէինք ճարում, դու քո հեղինակությամբ մի դաստա դերասան հետդ ներս էիր անում: Փակ դուռ չկար քո առաջ: Հայ ոստիկանները քեզ տեսնում էին, զմայլանքից հալվում ու… կանաչ ճանապարհ.

-Անցե՛ք, անցե՛ք, համեցեք, ընկեր Մկրտչյան…

Մոսկվայում մեր վերջին մեծ հյուրախաղերի ամփոփման ժամանակ՝ հայտնի մի թատերագետ ասաց.

-Այս դերասանը մեզ՝ ռուսներիս ստիպեց հեշտ արտասանել իրար կողք շարված հինգ բաղաձայն տառով իր ազգանունը… Մ Կ Ր Տ Չ…

Հա… լուրջ պաշտոնյայի կեցվածքով, վստահ կարգադրում էիր.

-Սրանք ինձ հետ են, բաց թողեք… Մեկ, երկու, երեք, չորս… Դու էլ արի գլուխը խուզած մի անծանոթ, անտոմս երեխա էլ վրադիր: Արևածաղիկը չրթելով լցվում էինք ստադոն, եթե չունեինք՝ տասը տեղից հյուրասիրում էին, եթե տոմս չունեինք, տեղները զիջում էին՝  իրենք մնում կանգնած, ու այս ամենը նրա համար, որ իրենց կողքին լինես: Մենք էլ քեզ հետ օգտվում էինք։

Հովիվյանը, որ գոլ էր խփում, վեր էինք թռչում  տեղներիցս, ցնծություն էր մեր սրտերում, բավականությունից թրջվում էին մեր աչքերը, գրկվում համբուրվում էինք… Ախր տաղանդավոր մարդու հաղթանակը շատ է գեղեցիկ…

«Արարատի» պարտությունները` մեր դժբախտ օրերն էին, բայց պատահում էր ավելի դառը: Հին ստադիոնում այն ժամանակվա «Արարատ-Սպարտակը» երեք—զրո  հաղթում էր Մոսկվայի «Դինամոյին» – Չալիկյանի, Քեհյանի ժամանակներն էին, հետո երկրորդ խաղակեսին մերոնք չորս անհեթեթ գնդակ բաց թողին։ Մոսկվան կարգադրել էր՝ պարտվել։ Մեր սովետական սպորտի բարքերից:

Ցուցահանդեսներն էլ բաց չէինք թողնում: Միշտ խնդրում էի, որ առանց ինձ չգնաս, քեզ հետ հետաքրքիր էր, քո՝ նկար կարդալն ու մեկնաբանելը ինձ համար շատ բան էին բացում, առանձնապես մեր ընկերներ Աթոյան Ռաֆիկի, Աշոտ Մելքոնյանի, Մուտոյի, Սիրավի, մեր Զուլումի, մեզ հետ բոյ առած մյուս տղերքի գործերը… Սրանց հաջողություններով շատ էինք ուրախանում: Վիճում էլ էինք, իհարկե:  Հետաքրքիր է, մեր ջահել դերասանները հայ նկարիչներին գիտե՞ն… Սարյանի անունը լսած կլինե՞ն: Հասնում էինք Մինասին, երկար էինք մնում… Այո, տաղանդավոր մարդու հաղթանակը և գեղեցիկ է, և ազգինն է:

Ֆրունզ, էն մեր ջահել օրերին ինչքա՜ն ես խեղճացրել ինձ քո Շիրակով: Թվում էիր ու թվարկում, թե քանի՞ նկարիչ եք տվել, քանի՞ դերասան, գրող, բանաստեղծ, երգիչ ու գուսան, քանդակագործ։ Վերջիններից հատկապես նշում Էիր Մերկուրովին՝  հայ չի, բայց մենք ենք աճեցրել… Նեղն էիր գցում ինձ, լոպազանում էիր:

-Դե, ասա, ասա ձեր Լոռին ի՞նչ է տվել, դե թվիր տեսնեմ՝ ովքե՞ր են ձեր մեծ մարդիկ, ձեր արվեստագետները…

Խելքս չէր կտրում, վերջերս եմ գտել քո պատասխանը.

-Հա, շատ եք, լավն եք, բայց մենք, լոռեցիներս, էդպես չենք կարող, մենք ծանր, դանդաղկոտ մարդիկ ենք, հազար տարին մեկ ազգի համար ծնում ենք մի… Հովհաննես Թումանյան… Բա, ախպեր ջան, էս էլ իմ ուշացած պատասխանը քեզ:

Դա քիչ էր՝ ձեռ էիր առնում.

-Դե, մալականի դպրոց ավարտած՝ հայերեն էս երգը երգի…

Ու երգում էիր համով-հոտով: Նախանձում էի: «Սիրտս գայլերին թող բաժին դառնա… կամ «Լուսնակ գիշերը…»: Սրանցից ո՞րն էր, որ երգեցիր «Եռանկյունի» ֆիլմում: Մեկ-մեկ էլ խղճահարվում, ասում էիր՝ արի unվորեցնեմ: Սովորում էի, բայց դե… Մինչև հիմա էլ նախանձում եմ հայոց դպրոց գնացածներիդ, հարազատ մոր կաթ կերածներիդ։ Նախանձելը ոչինչ, մի ամբողջ կյանք տանջվեցի հայերենն իմ մեջ իր տեղը գցելու համար: Մինչև հիմա ստորակետներից գլուխ չեմ հանում: Ամոթ:

Բայց Շիրակ, Կումայրի, Գյումրի, Ալեքպոլ… Լավ էր, որ Լենին-ականից պրծանք, բայց Կումայրին այսօր հեռու է ու սարքովի է թվում: Ինձ որ մնար, կթողնեի՝ Ալեքպոլը, համ էլ քաղաքականություն է՝ Ռուսիան ռուսանում է…

Ի՞նչ օրեր ենք անցկացրել երազային այդ քաղաքում, քանի՜ ֆիլմ ենք նկարահանել, ինչքա՞ն ենք քեզ հետ այնտեղ զգացել մեր հարազատ տանը… Հայության հոգին էր, քաղաք չէր… Տեսա՞ր ինչ եղավ։ Կվերականգնվի՞, կվերածնվի՞ նրա համն ու հոտը… Երանի, երանի մեր զավակներն էլ իմանան, վայելեն մեր տեսածը… Ու դու գործ ունես անելու քո քաղաքի համար։ Ինչպեսն էլ դու գիտես…

Աղբյուրը՝ «Արվեստ» ամսագիր, թիվ 5-6, 1991

 art365.am