Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի 10-12 տոկոս աճ է գրանցվել. Ներսես Գրիգորյան
Advertisement 1000 x 90

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի 10-12 տոկոս աճ է գրանցվել. Ներսես Գրիգորյան

Անցած երկու շաբաթվա ընթացքում, նախորդ երկու շաբաթվա համեմատ, կորոնավիրուսով վարակման դեպքերի 10-12 տոկոս աճ է գրանցվել։ Նույն պատկերը, ըստ վիճակագրության, դիտվում է շաբաթական համատեքստում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։

«Չնայած նրան, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն է, այնուամենայնիվ, վարակվածների թվի աճի միտում կա։ Խոսքը հիմնականում օմիկրոն շտամի եւ դրա BA.4 եւ BA.5 ենթատեսակների մասին է։

Ծայրահեղ վիճակում կորոնավիրուսով հիվանդները, այն ժամանակահատվածի համեմատած, երբ գերակշռում էր դելտա շտամը, քիչ են։ Գերակշռում են հիմնականում ասիմպտոմատիկ եւ թեթեւ ընթացքով հիվանդները։

Եթե վարակվածների թվի աճ ​​նկատվի՝ կախված հիվանդության ծանրությունից եւ այլ հանգամանքներից, ապա անհրաժեշտության դեպքում սահմանափակումներ մտցնելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու առաջարկներ կներկայացվեն»,- նշեց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ այժմ բոլոր սահմանափակումները հանվել են, իսկ դիմակային ռեժիմը գործում է միայն բժշկական կազմակերպությունների համար։

Գրիգորյանը մատնանշեց մարդաշատ եւ փակ վայրերում բժշկական դիմակներ կրելու, սոցիալական հեռավորության պահպանման, մարդաշատ եւ փակ վայրերում միջոցառումներ անցկացնելուց հրաժարվելու ցանկալիությունը։

Նրա խոսքով՝ ուսումնական տարվա սկզբին կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ է  սպասվում՝ պայմանավորված մարդկանց միջեւ շփումների ակտիվացմամբ։

«Այդ ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, եւս առաջարկներ կարվեն, եթե աճը շարունակվի»,- ընդգծեց համաճարակաբանը։

Գրիգորյանն ասաց, որ Երեւանում վարակման դեպքերի բարձր մակարդակ է նկատվում։
«դեպքերի համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել նաեւ Արմավիրի, Կոտայքի եւ Արարատի մարզերում»,- եզրափակեց նա։

med.news.am