«Կարծում եմ՝ այն իրական երջանկությունը, որը ես հիմա ապրում եմ, արդեն աչքերիս փայլից երեւում է»․ Գայանե Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Կարծում եմ՝ այն իրական երջանկությունը, որը ես հիմա ապրում եմ, արդեն աչքերիս փայլից երեւում է»․ Գայանե Ավետիսյան

Դերասանուհի, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Գայանե Ավետիսյանն օրերս նշանադրվել է․ Գայանեն չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, լուսանկարներն էլ նախընտրել է առանց մեկնաբանության հրապարակել, բայց NEWS.am STYLE-ի համար որոշեց բացառություն անել ու պատմել իր կյանքի նոր ու հետաքրքիր փուլի մասին։

Դերասանուհին, չհանրայնացնելով անձնական կյանքի մանրամասները,  ուրախությամբ նշեց, որ երջանիկ է․

«Աստված ինձ տվել է ավելին, քան ուզում էի։ Անձնականս միշտ եղել է փակ, որովհետեւ երջանկությունը լռություն է սիրում, իսկ այն իրական երջանկությունը, որը ես հիմա ապրում եմ եւ ունեմ, կարծում եմ, արդեն աչքերիս փայլից երեւում է, այդքանն արդեն բավական է։ Իրական երջանկության եւ ամենամաքուր սիրո համար, կարծում եմ, գոյություն չունի ժամանակ, գոյություն չունի տարիք կամ տարածություն»։

Դերասանուհին այս շրջանում բնակվում է ԱՄՆ-ում, ասում է՝ այնտեղ էլ շարունակում է ստեղծագործել ու զբաղվել իր մասնագիտությամբ, իսկ անձնական կյանքի փոփոխությունը միայն դրական ազդեցություն է ունեցել այդ գործընթացում։

«Շարունակում եմ լինել իմ արվեստի աշխարհում, որովհետեւ ունեմ անցած ճանապարհ, եւ չեմ կարող այդ ամենը թողնել ու զբաղվել այլ գործով։ Իհարկե, Միացյալ Նահանգները շատ հնարավորություններ է տալիս, շատ դռներ է բացում․․․ Հիմա շատ փակագծեր չեմ բացի, միայն կասեմ, որ շարունակում եմ զբաղվել իմ գործով, ստեղծագործում եմ, գրում եմ երգերի խոսքեր, հեռուստաէկրաններին եմ, լիարժեք եմ ինքս ինձ հետ, միտքս եւ սիրտս միասին են քայլում։ Իմ կյանքում այնպիսի հետաքրքիր փուլ է, ու կարծում եմ՝ դա հարատեւ կլինի»։

Դերասանուհին նշեց, որ շատ է կարոտում Հայաստանը, հարազատներին ու ընկերներին, հույս հայտնեց, որ շուտով վերադառնալու հնարավորություն կունենա։

«Իհարկե, ունեմ նպատակ վերադառնալու։ Աստված տա՝ այնպես լինի, որ աշխարհի բոլոր հայերը վերադառնան հայրենիք։ Շատ եմ կարոտում հարազատներիս, հայրիկիս, եղբորս, ընկերներիս, Երեւանս, տունս․․․ Բայց նաեւ ասեմ, որ այստեղ էլ արդեն այնքան հոգեհարազատ է դարձել, հատկապես կյանքիս այս փուլում, ինչպես Հայաստանում, այստեղ էլ՝ արդեն շատ հարազատ մարդիկ կան կողքիս»։

Սյունե Առաքելյան

style.news.am