Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը
Advertisement 1000 x 90

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Թատրոնը խորին վշտակցությունն է հայտնել դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին:

Վրույր Հարությունյանը ծնվել է 1949թ. Կիրովական քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է այնտեղ։ 1971-1974 թվականներին սովորել է  «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում՝  Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ Ուսանողական տարիներին եղել է Վանաձորի թատրոնի դերասան։ 1975-1977 թվականներին աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-1998 թվականներին վերադարձել է Վանաձորի պետական թատրոն։ 1977-1982 թվականներին բնակվել է Ռուսաստանում: 1998 թվականին ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թվականը եղել է այդ թատրոնի դերասան և գլխավոր բեմադրիչը, 2003 թվականից աշխատում էր Վանաձորի դրամատիկական թատրոնում:

Խաղացել է  «Ռիչարդ Երկրորդ», «Երեք քույր», «Կուրաժ մայրիկը և նրա զավակները», «Քաոս», «Անմեղ մեղավորները», «Ամուսնություն» և այլ ներկայացումներում: Խաղացել է «Մի՛ վախեցիր», «Ղարաբաղյան անավարտ օրագիր», «Ելք չկա», «Փեսացուն կրկեսից», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Սուպեր մամա», «Երկրաշարժ» և այլ ֆիլմերում:

 

 



Նման նյութեր