Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, որը խորհրդարան ընտրվել էր «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով, չի պատրաստվում մասնակցել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
«Ծրագրերումս ոչ մի փոփոխություն չկա։ Վերադառնում եմ իմ կենտրոն, բա դրանից լավ ծրագի՞ր», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր քաղաքական ծրագրերի մասին խոսելիս, ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք՝ Թևան Պողոսյանը տարիներ առաջ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) գործադիր տնօրենն էր։
Նրա խոսքով, իր կենտրոնում կզբաղվի վերլուծական աշխատանքով, Կենտրոնի հետ միասին կօգնի այն կառույցներին, ովքեր կարիքը կունենան։
«Ազգային ժողով վերադառնալու ցանկություն չունեմ», -հավելեց Պողոսյանը։
Հարցին, թե հիասթափվա՞ծ է, պատգամավորը պատասխանեց. «Չէ, ուղղակի հաշվարկելով ամեն ինչ, տեսնելով իրավիճակը, չեմ ուզում։ Մինչև ծրագիր չտեսնեմ, չգիտեմ՝ ո՞ւր գնամ, ո՞ւմ հետ քայլեմ առանց ծրագրի։ Չեմ ցանկանում։ Ես ինստիտուցիոնալ մարդ եմ, պետք է հասկանամ՝ այդ ծրագիրը կիսո՞ւմ եմ, թե՞ չէ։ Թիմն էլ պետք է լինի կայուն, որ վստահ լինես, որ այդ թիմով հինգ տարի կանես այն, ինչ խոստացել ես և ինչի համար քվե ես պահանջել»։
Ընտրությունների առաջ ստեղծված վիճակը, ըստ Պողոսյանի, անհասկանալի է, բայց մի բան լավ է՝ մարդիկ միավորվում են։
«Եթե մարդիկ միավորվում են, թող միավորվեն, բայց ինձ համար կողմնորոշիչը լինելու է իրենց ներկայացրած ծրագրերն ու տեսլականը, որի շուրջ նրանք միավորվում են, որ ես հասկանամ ըստ այդ ծրագրի, Հայաստանը այս կետից տեղափոխվում է ավելի լավ կետ», -հավելեց Պողոսյանը։
Ի դեպ, երեկ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել բարձր պաշտոններ զբաղեցրած հետո ազատված մարդկանց համար վերականգնողական-հոգեբանական կենտրոն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Մեր դիտարկմանը, թե խորհրդարանում այլևս չլինելը հնարավո՞ր է՝ որևէ հոգեբանական ազդեցություն ունենա Պողոսյանի վրա, պատգամավորը պատասխանեց ժպտալով.
«Չէ, իմ վրա ազդել է այն, որ մարդիկ երկար ժամանակ պաշտոնում են լինում ու երբ ազատվում են, ինչ-որ անհասկանալի վիճակ է իրենց մոտ առաջանում։ Ես ուզում եմ իրենց օգնել։ Եվ բացի այդ, ես բարձր պաշտոնյա չեմ»։