Սրտի եւ արյան բարձր ճնշման խնդիրների բուժման դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել նաեւ ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումների բուժման համար, նշվել է նոր հետազոտությունում, որն իրականացրել են Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները եւ նրանց գործընկերները։ Հետազոտությունում ներկայացվել են մկների եւ առնետների վրա կատարված փորձերի, ինչպես նաեւ մարդկանց վրա կոհորտային հետազոտության տվյալները, որոնք վկայում են այն մասին, որ սպիրոնոլակտոն դեղը կարող է որոշակի դեր խաղալ ալկոհոլի օգտագործումը նվազեցնելու հարցում։ Նոր արդյունքների մասին հաշվետվությունը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում։
Ներկայում ԱՄՆ-ում գոյություն ունի երեք դեղամիջոց, որոնք հավանության են արժանացել ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումների բուժման համար։ Հաշվի առնելով տարատեսակ կենսաբանական պրոցեսները, որոնք նպաստում են ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումների առաջացմանը, անհրաժեշտ են նոր դեղեր, որպեսզի ապահովվի բուժման ավելի լայն հնարավորություն։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ հանքակորտիկոիդ ռեցեպտորները, որոնք գտնվում են գլխուղեղում եւ այլ օրգաններում եւ օգնում են կարգավորել հեղուկի եւ էլեկտրոլիտների հավասարակշռությունն օրգանիզմում, կարող են որոշակի դեր խաղալ ալկոհոլի օգտագործման եւ դրա հանդեպ հակվածության հարցում։
Մինչկլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ հանքակորտիկոիդ ռեցեպտորների ազդանշանի մակարդակի բարձրացումը նպաստում է ալկոհոլի օգտագործման ավելացմանը։
Այս հետազոտությունում փորձ է արվել ընդլայնել հետազոտությունների այս ուղղությունը սպիրոնոլակտոնի թեստավորման միջոցով, դեղ, որն ունի բազմակի ազդեցություն, ներառյալ հանքակորտիկոիդ ռեցեպտորների բլոկավորումը։ Սպիրոնոլակտոնը օգտագործվում է կլինիկական պրակտիկայում՝ որպես միզամուղ միջոց եւ այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսին են սրտի հիվանդությունները եւ արյան բարձր ճնշումը։