Louis Vuitton-ի շոուի անվտանգության աշխատակիցը ապտակել է 13-ամյա տղային, ով ցանկանում էր սելֆի անել: Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Տեղադրված կադրերում երեւում է, թե ինչպես Լուվրի մոտ, որտեղ կազմակերպվել էր բրենդի ցուցադրությունը Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում, կոստյումով տղամարդը բռնել է երեխային ու հարվածել նրա դեմքին։ Նշվում է, որ ի սկզբանե միջադեպի տեսագրությունը համացանցում տեղադրվել էր ականատեսի կողմից, սակայն ավելի ուշ նրան ստիպել են ջնջել այն, քանի որ իրեն սպառնում էին դատական հետապնդումներով։ Այնուհետև այս տեսանյութը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է ֆրանսիացի փաստաբան Խուան Բրանկոն։
«Louis Vuitton-ը դատապարտում է բռնության բոլոր ձևերը և անկեղծորեն ներողություն է խնդրում այս աններելի արարքի համար։ Հենց որ նորաձևության տունը տեղեկացավ այս միջադեպի մասին, անմիջապես կապ հաստատեց ծառայության մատակարարի հետ՝ համոզվելու, որ անվտանգության այս գործակալն այլևս չի աշխատում Louis Vuitton-ի համար, և որ ապագայում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն՝ նման միջադեպերը կանխելու համար»,- ասել են ապրանքանիշի ներկայացուցիչները Newsweek-ին: