Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գուրգեն Սարգսյանը, ով վերջին ամիսներին ներկայանում է որպես հեռուստասերիալների ռեժիսոր:
-Գուրգեն, վերջերս Ձեր ուժերն եք փորձում ռեժիսորի մասնագիտությունում ու ըստ արձագանքների դա ստացվում է Ձեզ մոտ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կայանում Ձեր գործունեությունը այս բնագավառում:
– Սկիզբը դրվեց «Աբելի քույրը» հեռուստասերիալով: Այն որոշ ժամանակ հեռարձակվելուց հետո Ելենա Արշակյանը ինձ հարցրեց, թե ծանոթ ու վստահելի ռեժիսոր չգիտեմ արդյոք, որպեսզի ռեժիսորի օգնականի աշխատանքով զբաղվի: Այդ ժամանակ առաջարկեցի, որ ինքս փորձեմ ու փաստորեն հաջողվեց: Մեկ շաբաթ անց ռեժիսորի օգնականը փոխարինվեց ռեժիսորի, իսկ հիմա արդեն երկրորդ աշխատանքն ենք անում: Այս տարեսկզբին մեկնարկեց «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալը, որի ռեժիսորի աշխատանքը կրկին Ելենան վստահեց ինձ: Ըստ արդյունքների, Փառք Աստծո, կարողանում եմ արդարացնել ինձ վստահողների սպասելիքները:
-Գուրգեն, հեռուստասերիալներում աշխատած շատ դերասաններ Ձեր անունը տալով նշում են, որ հեշտ ու արդյունավետ է աշխատել դերասան-ռեժիսորի հետ: Այս առումով դուք ի՞նչ կարծիք ունեք:
– Իհարկե, շատ հաճելի է, որ դերասանները իմ հասցեին նման կերպ են արտահայտվել: Բայց ես պետք է ասեմ, որ շատ-շատ բաներ սովորել եմ իմ վարպետից՝ Արմեն Մազմանյանից, ով մեզ սովորեցրել է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև թե ինչպես է ճիշտ շփվել մարդկանց հետ: Պետք է կարողանալ դերասանի հետ շփվել այնպես, որ առաջին հերթին ինքն իրեն լավ զգա, որ իր խաղացած ցանկացած դրվագում իրեն զգա այնպես, կարծես Ալ Պաչինոյի նման խաղաց: Հարկավոր է դերասանին ոգևորել, հասկանլ նրա հոգեվիճակը, որպեսզի թե քեզ, թե իրեն հեշտ լինի: Միաժամանկ, դերասաններ էլ կան, որոնց պետք է ասես լավ չէր խաղդ, որպեսզի փորձի ավելի լավ խաղալ: Ռեժիսորը պետք է կազմակերպչական ու հոգեբանական ձիրք ունենա, որպեսզի դերասանները վստահեն իրեն: Գուցե իմ դեպքում իսկապես որոշ նշանակություն ունի այն փաստը, որ ինքս էլ առաջին հերթին դերասան եմ, բայց ես ամեն բան մի կողմ թողած, սիրում եմ դերասաններին, իսկ դա յուրաքանչյուր դերասան յուրաքանչյուր ռեժիսորի պարագայում զգում է:
-Հիմա, երբ այս աշխատանքով եք զբաղված, ի՞նչ կարծիքի եք՝ կադրում, թե կադրից դուրս աշխատելն է հետաքրքիր:
– Արդեն դժվարանում եմ այս հարցին պատասխանել: Եթե առաջ հետաքրքիր էր էկրաններով երևալը, ապա հիմա այդ առումով ճանաչված եմ ու բավարարված եմ որպես դերասան: Այժմ ինձ շատ հետաքրքիր է, երբ էկրաններին տեսնում եմ իմ աշխատանքի արդյունքը, բայց առանց ինձ: Ամեն դեպքում, երկուսն էլ շատ եմ սիրում ու կարևորում: Որախ եմ, որ այս՝ այսպես ասած ցեցն իմ մեջ Ելենան գցեց, քանի որ առաջ ինձ որպես ռեժիսոր չէի պատկերացնում, թեև թատրոնում վաղուց էի բեմադրություններ անում:
-«Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի թեման երեխան է, ով անպաշտպան է, նրա հետ կապված պատմությունը կարող է անգամ հուզել հեռուստադիտողին: Միաժամանակ՝ կա կարծիք, որ մեր հեռուստադաշտում դիտմամբ են ընտրվում նման դրամատիկ սյուժեներ, քանի որ այդ նախագծերը դիտում են ապահովում: Ի՞նչ կասեք քննադատություններին, որոնցում շեշտվում է, թե միայն «լացացնող» գործերով են փորձում վարկանիշ ունենալ:
– Որքան էլ լացացնելը, թեման ու վարկանիշը կարևոր լինի, միևնույն է, ինձ համար շատ կարևոր է տվյալ նախագծի ասելիքը: Ես ստեղծում եմ մի բան, որ հենց իմ երեխաներն էլ կարողանան հանգիստ նայել, իմ ամենամեծ անալիզը հենց իմ երեխաներն են: Կոնկրետ մանկատան թեման ինձ համար շատ կարևոր է: Գուցե իրականում դաժան դայակներ չկան, բայց դա ցույց տալով, կարող ենք շատ ծնողների հետ պահել իր երեխային մանկատուն հանձնելու մտքից: Ես էլ, սցենարիստն էլ փորձում ենք շեշտը դնել ասելիքի, լավ քարոզի վրա: Ես վստահ եմ, որ կարելի է անել լավ ֆիլմ ու լավ վարկանիշ ունենալ, ինչի արդյունքը տեսնում եմ «Եթե գտնեմ քեզ»-ում:
-Գուրգեն, առաջիկայում Ձեզ էկրաններին չե՞նք տեսնի:
– Իմ հեռուստասերիալում հաստատ չեմ նկարահանվի, որովհետև այդպես սխալ կլինի՝ դերասանին ռեժիսոր է պետք: Իսկ առհասարակ, ինքս էլ հիմա այնքան հակված չեմ սերիալում խաղալ, բայց լավ առաջարկի դեպքում, չի բացառվում:
-Թատրոնային գործունեությունը չի՞ տուժում այս շրջանի Ձեր գերզբաղվածությունից:
– Ոչ մի դեպքում չեմ թողնի, որ թատրոնը տուժի կամ երկրորդ պլան մղվի: Ես կարողանում եմ համատեղել ու ամեն բան անել, որ երկու դեպքում էլ լավ արդյունք ստացվի:
-Արդյունքում ընտանի՞քն է տուժում:
– Այո, այ ընտանիքը տուժում է: Երեխաները մեկ-մեկ դժգոհում են, բայց իմ գերզբաղվածությունը նաև նրանց բարեկեցիկ կյանքի համար է: Ընտանիքիս հարցում բախտս բերել է, ես ունեմ հրաշալի կին ու երեխաներ, ովքեր ինձ շատ լավ են հասկանում:
Ամբողջությամբ՝ life.panorama.am