«Սեյրան Օհանյանը երբեք չի կարող ընդդիմություն դառնալ և պայքարել հանուն արդարության։ Իշխանությունը նրա դեմ այնքան կոմպրոմատ ունի, որ ցանկացած պահի կարող է հրապարակել դրանք ու կասեցնել Սեյրան Օհանյանի ընդդիմադիր ընթացքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով՝ Սեյրան Օհանյանը որեւէ վտանգ չի ներկայացնում իշխանության համար։ Պաշտպանության նախարարությունը մշտապես եղել է ամենակոռումպացված կառույցը։ Այնտեղ ամեն ինչ կապված է կոռուպցիոն ռիսկերի հետ։
Գնումների գործընթացը կոռուպցիա է։ Հագուստը, սննդամթերքը, կոշիկները, շինարարությունը, զինտեխնիկայի շինարարությունը՝ ամեն ինչ թաղված է կոռուպցիայի մեջ ու ամենուր գործում է «ատկատ» հասկացությունը։ «Դա եղել է նաև Սեյրան Օհանյանի ժամանակ ու այդ ամենը շատ լավ գիտի իշխանությունը»,- ասաց Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ 2000 թվականին իշխանությունների դեմ դուրս գալու նման մի փորձ էլ Գագիկ Ջհանգիրյանն արեց, սակայն դրա ավարտը բոլորը լավ տեսան։
«Նա էլ իբր թե ընդդիմադիր էր և իշխանության դեմ էր դուրս եկել։ Բայց նրա դեմը դրեցին իր կոծկած հանցագործությունները և շատ կարճ ժամանակ անց նա խելոքացավ։ Նույնն էլ Սեյրան Օհանյանի դեպքում է։ Հանուն արդարության կարող է պայքարել միայն այն անձը, որի ձեռքերը մաքուր են։ Այն անձինք, ովքեր եղել են իշխանության մեջ, կամ կան, բոլորը աղտոտված են։ Նրանցից մեկն էլ Սեյրան Օհանյանն է»,- նկատեց իրավապաշտպանը։ Մեր զրուցակցի խոսքերով՝ նախկին նախարարն էլ է շատ լավ հասկանում այս ամենը և հեռուն չի գնա, այլապես կարող է դա իր ազատությունն արժենալ։ «Ես բազմաթիվ անգամ Սեյրան Օհանյանին ներկայացրել եմ զինծառայողների սպանության փաստեր, նա շատ լավ հասկացել է, իմացել է ինչ է կատարվում, սակայն երբեք չի համարձակվել անգամ ծպտուն հանել։
Հակառակը, հենց նա դատախազությունից եկած առաջին իսկ հրամանով ստել է զոհված զինվորների ծնողներին և նրանց պաշտպաններին։ Սեյրան Օհանյանը նախարար չէր, նա ընդամենը դատախազության և Քննչական կոմիտեի կամակատարն էր։ Անգամ Ռազմական ոստիկանությունը ամբողջապես գտնվում է դատախազության ձեռքին և կատարում է դատախազության հանցավոր հրամանները՝ սպանությունների գործերը կոծկելու հետ կապված։ Այսքանից հետո էլ ինչի մասին ենք խոսում։ Ինչ ընդդիմադիր կեցվածք, ինչ փոփոխություններ։ Նա շատ լավ գիտի այս ամենը ու գիտի նաև չափը։ Երբեք թույլատրելիի սահմանը չի անցնի։ Այլապես ընդամենը մեկ-երկու կոմպրոմատ ու ամեն ինչ կավարտվի Ջհանգիրյանի օրինակով»,- ասաց իրավապաշտպանը։
Նա նշեց, որ չի բացառվում, որ Օհանյանը հիմա ընդամենը ինչ որ պաշտոնի համար է պայքարում, նոր պաշտոն ստանալու համար։ Իշխանության ներսում քաոս է, և ով ինչպես հասցնում, փորձում է իր գլխի ճարը տեսնել։