Մեր զրուցակիցն է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը, ում հետ զրույցում անդրադարձանք գրականության առաջ ծառացած ներկայիս խնդիրներին, գրականությունը մարդկանց հասանելի դարձնելու, գրահրատարակչության առաջ ծառացած խնդիրներին։
– Արքմենիկ, արդեն բավական երկար ժամանակ է` վարում եք «Բարձր գրականություն» շարքը։ Ըստ Ձեզ` դա լրացնո՞ւմ է հասարակության պահանջմունքը` ծանոթանալ մեր նորօրյա գրողների, բանաստեղծների հետ։
– Օգտվելով առիթից` նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկեր Հովհաննես Երանյանին այդ հաղորդման նախաձեռնման համար։ Տարիուկես է` եթերում ենք, 50-ից ավելի հաղորդում ենք նկարել։ Սեպտեմբերից սկսած` հաղորդման ռադիոտարբերակը, Լիկա Թումանյանի առաջարկով, սկսեց հեռարձակվել Հանրային ռադիոյով և բավական մեծ լսարան ունի` դատելով արձագանքներից։
Նախ պետք է ճշտել` հասարակությունն ունի՞ պահանջմունք` ծանոթանալ մերօրյա գրողների ու գրականության հետ։ Չեմ ուզենա ասել` ոչ, բայց այո էլ չեմ կարող միանշանակ ասել։ Ուստի, «Բարձր գրականություն» հաղորդաշարի խնդիրը, ու, ընդհանրապես, իմ ամբողջ գործունեության նպատակը, ձեր նշած պահանջմունքը բավարարելուց առաջ, նախ այդ պահանջմունքը ձևավորելն է։ Եվ այսօր կարող եմ ասել, որ իմ ու իմ ընկերների, գրական տարբեր կայքերի, հրատարակիչների, լավ լրագրողների ջանքերով դրական տեղաշարժ այդ առումով կա։
– Արդյո՞ք Ձեզ գոհացնում է հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդաշարերի թիվը և որակը, որտեղ գլխավոր «հերոսը» գրողն է ու գրականությունը։
– Իհա՛րկե չի գոհացնում։ Եղած հաղորդումներն էլ առանձին անհատների էնտուզիազմի ու նվիրյալության արդյունքում են գոյատևում, այնինչ` նման հաղորդումներ պատրաստելը յուրաքանչյուր հեռուստաընկերության գերնպատակը պետք է լիներ, ավելին ասեմ, իմ կարծիքով` պետք է արտոնագիր տրամադրելիս անպայման կետ մտցնեն գրքի ու գրականության մասին հաղորդում ունենալու վերաբերյալ։
– Անցած տարեվերջին ազդարարվեց «Գարունի» մուտքի մասին, որը նախկինում ամենագնվող գրական ամսագրերից էր։ Այդ նպատակով ի՞նչ է արվում, ովքե՞ր են «Գարունի» ընթերցողները։
– Իհարկե, հրաշալի է, որ ավանդույթներ ունեցող «Գարուն» ամսագիրը շարունակելու է հրատարակվել, դա մեր գրական դաշտի ձեռքբերումներից է։ Ամսագիրն ունի նոր խմբագիր` բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը, որը բազմաթիվ գաղափարներ ունի այն կրկին ամենապահանջված գրական հարթակը դարձնելու։
Այս պահին, իմ տպավորությամբ, «Գարունի» հանդեպ հետաքրքրվածության մեջ դեռ մի փոքր, այսպես ասեմ` նոստալգիկ շերտ կա, բայց հուսով եմ, որ ապագայում լավ ու նվիրված աշխատանքի դեպքում ամեն ինչ տեղը կընկնի։
– Արքմենիկ, վերջերս Facebook-ում տեղեկացրեցիք, որ Մկրտիչ Արմենի «Երևան» վեպով նոր մատենաշար եք սկսում` անՎՐԵՊ, որում կներկայացնեք գրականության պատմության լուսանցքում մնացած, հանիրավի մոռացված կամ անտեսված արժեքավոր գործերը։ Ինչպե՞ս ծագեց պատմության լուսանցքում մնացած գործերը մոռացությունից փրկելու գաղափարը։
– Վերջին տարիներին շատ եմ տարված 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին կեսի մամուլի ու գրքերի ուսումնասիրությամբ, հատկապես` արևմտահայ։ Ու նկատեցի, որ մի շարք գրքեր կան, որոնց շուրջ մեծ խոսակցություններ են ծավալվել, հետաքրքրություն է եղել, քննադատվել են շատ նաև, բայց, ցավոք, հետագայում դրանց մասին համարյա խոսք չի եղել։ Կարդացի շատ գրքեր ու համոզվեցի, որ դրանք այսօր էլ կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել։ Այդպես ծնվեց մատենաշարի գաղափարը։
Անպայման ուզում եմ նշել, որ ինձ մեծապես ոգեշնչել ու ոգեշնչում է իմ ավագ ընկեր և ուսուցիչ, երջանկահիշատակ Գրիգոր Հակոբյանի օրինակը, ով նույնպես նման մոռացված կամ անտեսված արժեքների հայտնաբերող ու հրատարակող էր։ Բազմաթիվ անուններ ու վերնագրեր ես առաջին անգամ հենց նրանից եմ լսել։ Ուզում եմ նրա կիսատ թողած գործը շարունակել ինչ-որ տեղ։
– Ի՞նչ սկզբունքով եք ընտրում անՎՐԵՊ-ում տպագրվելիք գրքերը։ Ո՞ր հեղինակի ստեղծագործությունն է լինելու այդ մատենաշարի հաջորդ աշխատանքը։
– Այս պահին ուսումնասիրությունների, ընթերցումների փուլում եմ։ Մատենաշարը նաև իմ սուբյեկտիվ ընկալումների, իմ արժեհամակարգի ու գրականության իմ ընկալման արդյունքն է, և գուցե ընտրված գործերի հետ շատերը համաձայն չլինեն։ Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին կհաջորդի արևմտահայ տաղանդավոր գրող Ղևոնդ Մելոյանի երկու` «Մայրը» և «Երեք ընկերներ» վեպերի միացյալ հրատարակությունը։
– Մենք ընթերցասե՞ր ազգ ենքը` ըստ Ձեզ։ Չէ՞ որ ներկայումս մարդիկ ավելի շատ են նախընտրում գումար ծախսել նյութական, այլ ոչ թե հոգևոր արտադրանքի վրա։
– Դեռ 2000 թվականին Արմեն Շեկոյանի` նույն հարցին տված պատասխանը կրկնեմ. կարդում են նրանք, ովքեր կոչված են։ Այդ առումով` մենք մեծ սպասելիքներ չպետք է ունենանք, քանի դեռ մեր երկրում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ չունենք, բարձր արժեհամակարգ չունենք, մշակութային գիտակցությամբ օժտված իշխանություն ու հասարակություն չունենք։ Չնայած` էլի եմ կրկնում, վերջին տարիներին կատարված աշխատանքների արդյունքում` տեղաշարժ կա, հատկապես` երիտասարդների շրջանում։
– Կուզենայի` անդրադառնաք մի խնդրի։ Facebook-ում ևս շատ են հրավերները, որոնք վերաբերում են այս կամ այն գրողի, բանաստեղծի նոր գրքի շնորհանդեսին, որոնք հիմնականում կազմակերպվում են գրեթե նույն վայրերում, դրանց մասնակցում են համարյա նույն մարդիկ։ Արդյոք չկա՞ կարիք փոխելու շնորհանդեսների ներկայացման կերպը, ձևը։
– 5-6 տարի առաջ, երբ նախաձեռնում էինք այդտեսակ շնորհանդեսներ, դրանք նորություն էին, և շատ մարդիկ էին գալիս։ Ցավոք, այսօր ձեր նշած խնդիրն իսկապես կա։ Իհարկե, մտածում ենք նոր ձևաչափերի մասին, բայց այդ կաղապարները հաղթահարելու համար նաև անհրաժեշտ է, որ նորանոր կազմակերպություններ, ակումբներ, հրատարակիչներ ու հեղինակներ լծվեն այդ գործին, որովհետև յուրաքանչյուր նոր մարդ` ձգտելով չկրկնվել, նոր ձևաչափեր է մտածում և նոր մարդկանց ներառում։
– Մշակույթի նոր նախարարի գալով` ակտիվացան խոսակցությունները գրահրատարակչության խնդիրների վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես պետպատվերով հրատարակվող գրքերի մասին է։ Ըստ Ձեզ` ի՞նչ խնդիրներ կան այդ ոլորտում, և ի՞նչ պետք է արվի` բոլոր հրատարակիչների համար գործունեության հավասար պայմաններ ապահովելու համար։
– Թիվ մեկ խնդիրն այն է, որ պետությունը պետաջակցություն կամ պետպատվեր տրամադրելով` մրցակցության մեջ է մտնում հրատարակչի հետ։ Իսկ ռեալ գործունեություն ծավալող և ոչ թե պետության փողերի վրա նստած հրատարակիչը դրանից տուժում է։ Մշակույթի նախարարությունը պետք է այլ կերպ աջակցի գրողին ու գրականությանը, և նոր նախարար Արմեն Ամիրյանի մոտեցումներն այդ հարցում ողջունելի են, եթե, իհարկե, տրամաբանական հանգուցալուծում ունենան։ Հրատարակիչն ինքը պետք է ձգտի զարգանալ, ներդրումներ անել, այնինչ` տասնյակ, այսպես կոչված, հրատարակիչներ տարիներ շարունակ սնվել են միայն պետական գումարներով և մեկ քայլ անգամ առաջ չեն գնացել, սեփական միջոցներով 5 գիրք անգամ չեն հրատարակել։ Ինչ վերաբերում է հավասար պայմաններ ստեղծելուն, ապա ի սկզբանե բոլորն էլ հավասար պայմաններում են, որովհետև գործում են նույն դաշտում։ Անհավասարությունը սկսվում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը սկսում է աշխատել, ներդրումներ անել, տպարան հիմնել և այլն, մյուսը նստում-սպասում է, թե երբ պետությունը փող կտա ինչ-որ գիրք տպելու համար, որ էդ փողից էլ մի քանի կոպեկ թռցնեն, իրենց գրպանը դնեն։
Կարմեն Ղուկասյան
168.am