Ալկոհոլիզմի դեմ պայքարի համար ստեղծվել է նոր թեւնոց (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ալկոհոլիզմի դեմ պայքարի համար ստեղծվել է նոր թեւնոց

Ֆինն գիտնականները ստեղծել են հատուկ գաջեթ, որն օգնում է հաղթահարել կախվածությունը։ Ալտոյի համալսարանի գիտնականների «հակաալկոհոլային» թեւնոցի մասին պատմել է MedicalXpress հրատարակությունը։

Ապարանջանը համադարման չէ, այն չի կարող օգտագործվել որպես կախվածության դեմ պայքարի միակ միջոց, այն պետք է զուգակցել դեղորայքային բուժման եւ հոգեթերապիայի հետ։

«Մենք նաեւ ուսումնասիրում ենք, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ դեղաչափով է անհրաժեշտ ակտիվացումը: Շատ հնարավոր է, որ սարքը պետք չէ անընդհատ կրել, բայց այն կարելի է օգտագործել, օրինակ, տանը»,- ասում է տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Պաուլի Տուովինենը։

Ինչպես է աշխատում «շոյող» թեւնոցը

Թեւնոցը հաճելիորեն շոյում է ձեռքը։ Գիտնականները հավաստիացնում են, որ դա նպաստում է օրգանիզմում դոֆամինի եւ օքսիտոցինի արտազատմանը, ինչը հաճույքի դուրեկան զգացում է առաջացնում սարքը կրողի մոտ։

Ծրագրի բուժաշխատող Ջուլիանա Խարկին բացատրել է, որ ուղեղը հպում է մշակում տակտիլ կեղեւում եւ փափուկ շոյանքներ՝ ուղեղիկում:

«Պարասիմպատիկ նյարդային համակարգը ակտիվանում է նուրբ, հաճելի հպումներով, ի թիվս այլ բաների, ազատելով դոֆամին եւ օքսիտոցին: Հպումը նաեւ մեծացնում է սթրեսակայունությունը, իսկ սթրեսը ալկոհոլիզմի հիմնական խթանն է: Գաղափարը ոչ թե այլ մարդկանց հետ մտերմությունը փոխարինելն է, այլ այն լրացնելը՝ մեխանիկորեն ակտիվացնելով նյարդային որոշակի ուղիներ»,- բացատրել է Խարկին:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ալկոհոլը տարեկան մոտ երեք միլիոն մահվան պատճառ է դառնում։ Ամբողջ աշխարհում հարբեցողների մոտ 75 տոկոսը պատշաճ բուժում չի ստանում՝ հիմնականում հիվանդության ստիգմատիզացիայի պատճառով:

news.am