Էնքան չես օգտագործել՝ փչացել ա. ՍԱՍ-ի Արտակն առաջին անգամ ելույթ ունեցավ. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էնքան չես օգտագործել՝ փչացել ա. ՍԱՍ-ի Արտակն առաջին անգամ ելույթ ունեցավ. armtimes.com

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»  ԱԺ որոշման նախագիծը, որը պետք է քվեարկվի լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելու համար: Նշենք, որ Փաշինյանի այս նախաձեռնությունը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր «ՍԱՍ գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանի վերաբերյալ մամուլում հրապարակված այն ահազանգին, որ Արտակ Սարգսյանը «ՍԱՍ» սուպերմարկետների աշխատակիցներին պարտադրում է դուրս գալ իրենց մշտական բնակության վայրի գրանցումից և գրանցվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Բանն այն է, որ Արտակ Սարգսյանն առաջադրվելու է Երևանի թիվ 2 ընտրատարածքում և այդ քայլով ենթադրվում է, որ նա ակնկալում է քվեներ ստանալ:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծեց, որ միտումնավոր է Արտակ Սարգսյանի անունը հնչեցնում, որպեսզի նա օգտվի ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված հնարավորությունից՝ ԱԺ-ում արձագանքի իր հասցեին հնչած պնդումներին:

Արտակ Սարգսյանը մեծ դժվարությամբ փորձեց իր խոսափողը միացնել, սակայն չկարողացավ, քանի որ ԱԺ-ի նիստերի դահլիճում տեխնիկական խնդիրներ կային:

ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը տեղից արձագանքեց այդ գործընթացին. «Էնքան չես օգտագործել՝ փչացել ա»: Արտակ Սարգսյանն առանց խոսափողի տեղից հայտարարեց. «Ես ուզում եմ արձագանքել ձեր ասածին: Ուրեմն, ամբողջապես սուտ է, դուք երևի գիտեք, թե ինչի համար են տարածվում այդ տեղեկությունները և, ընդհանրապես, չի համապատասխանում իրականությանը ձեր ասածը»: Կարճ ժամանակ անց Արտակ Սարգսյանը լքեց նիստերի դահլիճը:

Նշենք, որ Արտակ Սարգսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել Երևանի Արաբկիր վարչական շրջանը ներառող ընտրատարածքից: 2012 թվականից մինչ օրս որևէ ելույթ չի ունեցել, որևէ հարց չի տվել:

armtimes.com



Նման նյութեր