Զելենսկու այցը Վաշինգտոն լավ բան չի խոստանում Ուկրաինային. Կրեմլ
Advertisement 1000 x 90

Զելենսկու այցը Վաշինգտոն լավ բան չի խոստանում Ուկրաինային. Կրեմլ

Կրեմլը ոչ մի դրական բան չի սպասում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր այսօր Միացյալ Նահանգներ սպասվող առաջին այցից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան դրական սպասումներ չունի առաջին հերթին հենց Ուկրաինայի համար, գրում է rg.ru-ն:

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Կրեմլը դրական ակնկալիքներ ունի՞ այս ուղևորությունից։

«Ոչ»,- պատասխանել է Պեսկովը։

Կրեմլը խիստ կասկածում է, որ ուկրաինական պատվիրակության այցն ԱՄՆ ինչ-որ կերպ կփոխի Կիևի դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ։

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են, դրանց տեսականին ավելի է ընդլայնվում։

«Այս ամենն, իհարկե, հանգեցնում է հակամարտության սրման և, ըստ էության, լավ բան չի խոստանում Ուկրաինային»,- ասել է Պեսկովը։

Հաղորդվել էր, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին կայցելի Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ. այս հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների ղեկավարը կհայտարարի Կիևին Patriot ՀՕՊ համակարգերի տրամադրման մասին: Այս մասին գրել էր Axios-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:

Թեև ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ներառյալ Ֆրանսիան և Գերմանիան, վերջին շաբաթներին Ուկրաինային տրամադրել են հակահրթիռային պաշտպանության տարբեր համակարգեր, Patriot համակարգը կլինի ամենաառաջադեմը, որը կուղարկվի երկիր պատերազմի սկսվելուց ի վեր:

Զելենսկու այցը Վաշինգտոն կլինի նրա առաջին այցն արտասահման՝ երկրում պատերազմի սկսվելուց ի վեր: Նա կհանդիպի Բայդենի հետ, մամուլի ասուլիս կանցկացնի, այնուհետև ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում, և այդ ամենը՝ «մի քանի ժամվա ընթացքում»:

tert.am



Նման նյութեր