Եթե բնապահպանությունն իսկապես մտահոգում է Բաքվին, ապա Արցախը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի կողմից պատվիրակված փորձագետների հանձնաժողովին, որը կկարողանա զննություն իրականացնել. Ռ. Վարդանյան
Advertisement 1000 x 90

Եթե բնապահպանությունն իսկապես մտահոգում է Բաքվին, ապա Արցախը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի կողմից պատվիրակված փորձագետների հանձնաժողովին, որը կկարողանա զննություն իրականացնել. Ռ. Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապի միջոցով հարցազրույց է տվել ֆրանսիական Marianne հեղինակավոր պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Պետնախարարի գրասենյակը:

Marianne պարբերականին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ապահովելու Արցախի 120 000 հայերի կյանքն իրենց նախնիների հողում։ Արցախի պետնախարարը հիշեցրել է այն սադրանքների մասին, որոնք նախորդել են Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակմանը: Մասնավորապես, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանը, նպատակ հետապնդելով հայաթափել Արցախը, շատ ագրեսիվ վարք է դրսևորում, ինչն արտահայտվում է շարունակվող ռազմական սադրանքներով, պարբերաբար գազի մատակարարման արգելափակմամբ և այլն: Արցախի պետնախարարն ընդգծել է, որ չնայած այդ սադրանքներին՝ 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում անցկացված զանգվածային ցույցով արցախահայերն արտահայտեցին իրենց վճռականությունը՝ մնալու իրենց նախնիների հողում, ինչը ցնցում առաջացրեց Բաքվում:

Խոսելով ադրբեջանական կողմի առաջ քաշած կեղծ բնապահպանական պահանջների մասին՝  Ռուբեն Վարդանյանն ասել է, որ եթե բնապահպանությունն իսկապես մտահոգում է Բաքվին, ապա Արցախը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի կողմից պատվիրակված շրջակա միջավայրի փորձագետների միջազգային հանձնաժողովին, որը կկարողանա զննություն իրականացնել:

Պատասխանելով իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակների մասին հարցին՝ Արցախի պետնախարարը նշել է, որ միայն միջազգային ճնշումը կարող է մանդատ տրամադրել ռուս խաղաղապահներին և պարտադրել մարդասիրական օդային միջանցքի կազմակերպում՝ սննդի և դեղորայքի  կարիքները բավարարելու համար. «Խնդիրն այն է, որ մենք բոլոր կողմերից շրջապատված ենք Ադրբեջանի կողմից, որը միշտ պատրվակ կգտնի՝ արգելափակելու ճանապարհը  և խանգարելու մեզ ապրել: Ստեփանակերտի օդանավակայանը հիմա չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով, բայց ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Եվ մենք հույս ունենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կկարողանան համաձայնության գալ և ճնշում գործադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմի վրա»:

Ռուբեն  Վարդանյանն ընդգծել  է, որ «աշխարհը պետք է իմանա, որ արցախցիները շատ ուժեղ են և համախմբված, բայց նրանք պետք է զգան, որ իրենք միայնակ չեն մարդկության համար մղվող այս պայքարում»:



Նման նյութեր