Նա պատմության մեջ կմնա՝ իբրև «արյունոտ Ուրսուլա». Լարիսա Ալավերդյան
Advertisement 1000 x 90

Նա պատմության մեջ կմնա՝ իբրև «արյունոտ Ուրսուլա». Լարիսա Ալավերդյան

13-րդ օրը շարունակ՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից: Թեև իրավիճակին պարբերաբար արձագանքում են այս կամ այն միջազգային կառույցները կամ պետությունները, այդուհանդերձ, որևէ առարկայական քայլ չի արվում ապաշրջափակման ուղղությամբ:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի զրույցում շեշտեց կոշտ սանկցիաների անհրաժեշտության մասին, սակայն ցավով արձանագրեց, որ դրանք չեն նախաձեռնվելու:

Թե ինչ պատճառներով՝ իրավապաշտպանը մանրամասնեց. «Որովհետև Ադրբեջանը ոչ միայն դիտվում է որպես էներգիայի փոխանցող կողմ Եվրոպային. դա իր հերթին քողարկում է բոլորովին այլ նպատակ: Եվրոպան հույսեր է կապում, որ Ադրբեջանը կդառնա Իրանի դեմ այն հարթակը, որը չունի այլ վայրերում (անգամ Վրաստանը, որտեղ Թուրքիան բավականին հստակ ներկայացվածություն ունի, միևնույն է՝ չի դառնալու այդ հարթակը): Իսկ Ադրբեջանը, ունենալով սեփական նկրտումները հյուսիսային տարածքների հանդեպ, սիրով կմիանա այն բոլոր գործողություններին, որոնք կոլեկտիվ Արևմուտքը մտադիր է նախաձեռնել Իրանի դեմ: Արևմուտքի համար Ռուսաստանի և Իրանի գործոնն ամբողջովին զրոյացնելը գլխավոր նպատակն է մեր տարածաշրջանում: Հետևաբար, սանկցիաները գրեթե բացառվում են»:

Այս համատեքստում նա հիշեցրեց նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Բաքվի բռնապետի վերջին ջերմ շփումը. «Նա պատմության մեջ կմնա՝ իբրև «արյունոտ Ուրսուլա», քանի որ հրապարակայնորեն սեղմում է մեկի ձեռքը, որն այն պետության ղեկավարն է, որը Ցեղասպանություն է գործել»:

Լարիսա Ալավերդյանն այս իրավիճակում շեշտեց ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող թիրախային քայլերի կարևորությունը՝ նկատելով, որ ցայսօր չի արվել ամենակարևորը, այն է՝ տարբեր հարթակներում Ադրբեջանի կողմից Ցեղասպանական գործողություններն օրակարգ դարձնելը:

«Դրանից օգտվելով՝ բոլորը խոսում են զուտ հումանիտար աղետի մասին, որը չի ենթադրում, թե Ադրբեջանը ոտնձգություններ ունի Արցախի չճանաչված, բայց Հանրապետության հանդեպ: Մենք բոլորս ոգևորվում ենք այս կամ այն հայտարարությամբ՝ մինչդեռ, բացի Ֆրանսիայի Սենատից, պառլամենտից, առայժմ այդպիսի հարցապնդումով որևէ մեկը հանդես չի եկել»,- նշեց իրավապաշտպանը՝ նկատելով, որ ՀՀ իշխանությունների կողմից այս հարցի շուրջ լռությունն ադրբեջանաթուրքական քաղաքականության հետ համաձայնողականության հետևանքն է:

Անդրադառնալով Արցախի իշխանությունների՝ իրավական հնարավորություններին՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ դրանք թեև շատ ավելի համեստ են, սակայն առկա են:

Որպես օրինակ՝ նա հիշեցրեց Ժնևյան կոնվենցիաների առաջին արձանագրությամբ այն հաստատումը, որ պաշտպանության ներքո են գտնվում նաև այն ժողովուրդները, որոնք պայքարում են իրենց ինքնորոշման իրավունքի համար, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի կողմից ագրեսիայի բանաձևը, որտեղ «պետություն» եզրույթը չի կանխորոշում նրա ճանաչված, կամ ՄԱԿ-ի անդամ լինելը:

«Բայց դրա համար ավելի մեծ հնարավորություններ ունեցող ճանաչված պետությունը՝ Հայաստանը, չի նախաձեռնել այնպիսի գործողություններ, որոնք կհստակեցնեն, որ Ադրբեջանը ոչ միայն հումանիտար աղետ է կազմակերպում, այլ ինքը ոտնձգություն ունի Արցախի Հանրապետության՝ իրեն չպատկանող տարածքների և պետության հանդեպ: Այդ հարցը չի բարձրացվում»,- հավելեց նա:



Նման նյութեր