Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշեց խոսել ոչ թե ռուսերեն լեզվով` նախապատրաստված ելույթով, այլ իր սրտի խոսքն ուղղել հայերեն լեզվով: Նրա ելույթը չափազանց կարևոր շեշտադրումներ էր պարունակում` ոչ միայն ուղղված թշնամուն` Ադրբեջանին, այլև Արցախին և Հայաստանին.
«Ես փորձելու եմ ասել այն, ինչ գալիս է իմ սրտից։ Դուք կարող է բառերը չհիշեք։ Ցավոք սրտի, շատ կարևոր բառերի իմաստը վարկաբեկվել է տարբեր պատճառներով, տարբեր քաղաքական գործիչների կողմից։ Ես ասելու եմ իմ սրտից, իմ ազնվությունն եք զգալու։ Ես հպարտ և շնորհակալ եմ, որ ձեզ հետ միասին այստեղ եմ գտնվում, և դուք ինձ հիացնում եք»,-սկսել է Ռուբեն Վարդանյանը իր ելույթը՝ հավելելով, որ երջանիկ է, քանի որ ժողովրդի հետ միասին մեր արժանապատվությունն է պաշտպանում։
Ռուբեն Վարդանյանը հավատացրել է ժողովրդին՝ իրենց հետ է, միասին են։ Նշելով, որ Արցախում 1988-90 թվականներին Արցախում չի եղել, բայց վերջին երկու շաբաթն անընդհատ զգում է՝ պատմությունը կրկնվում է, և հիշեցրել, թե ինչպես էր ժամանակին ազգային հերոս Մոնթեն բենզինի ամեն լիտրը հաշվում։
«Նույն բանի մասին է՝ ինչպես ենք մենք իրար հետ միասին հավատում, որ արդար է լինելու, որ մենք բոլորս նույն պայմաններում ենք ապրելու։ Եվ եթե դա կա, ուրեմն մենք կարող ենք հաղթահարել։ Եթե մեր մեջ ազնվություն չլինի` մենք կարող ենք պարտվել։ Մեզանից է գալիս այդ թուլությունը, ոչ թե մեր թշնամուց»,-շեշտել է Վարդանյանը և հավելել, որ բլոկադան 14 օր չէ, այս պայքարը շարունակվում է 35 տարի։ Ըստ նրա՝ պայքարը պետք է շարունակել և ամեն ինչ անել, որ հաջորդ սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք մեր դժվարությունները և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել։
Արցախի պետնախարարը հայտարարել է` Ադրբեջանը պետք է Արցախից սովորի. «Մենք ենք սովորեցնելու, թե իրենք ոնց պիտի ապրեն, ոչ թե իրենք մեզ պիտի ասեն, թե էկոլոգիայի ստանդարտները ոնց ենք պահում։ Իրենք չեն հասկանում, թե ում հետ են շփվում։ Չեն հասկանում, որ մեր ուժը նրա մեջ է, որ կարող ենք այսպես հավաքվել հրապարակում և հանգիստ խոսել։ Եվ ես այսօր ասել եմ, երբ ընդհանուր շտաբը հավաքվում էր, մարդիկ պիտի խոսեն այնպես, ինչպես ուզում են, չկա ոչ մի ցենզուրա, գրված բաներ»,-նշել է Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանի խոսքով, շատ կարևոր է հարգել պետությունը.
«Մեր ամենամեծ ուժն այն է, որ մենք պետություն ունենք։ Կարող է միշտ չէ, որ այդ պետությունը այնպիսին է, ինչպիսին ուզում ենք և երազում, բայց ունենալով ԱԺ, Սահմանադրություն, Կառավարություն, Անվտանգության խորհուրդ, և այլն, սա է մեր ուժը։ Ոչ թե մենք ուղղակի անկախ ենք, այլ մենք իսկապես դարձել ենք հասարակություն, որը գիտի` ինչ է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները։ Մի օրենք կա՝ երբ քեզ սեղմում են, կամ դու ուժեղանում ես և հետ ես հրում, կամ դու փախչում ես. մենք իրավունք չունենք փախնելու։ Պետք է դեմ տանք մեր ուժը իրենց»,-շեշտել է Ռուբեն Վարդանյանը։
Արցախի պետնախարարը հայտարարել է, որ չի ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին, մնալու է ու պայքարելու է.
«Իմ գիտելիքը, իմ անունը, իմ կապերը, իմ ունեցվածքը, ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության և հաջողության համար։ Եկեք հրաշքի չսպասենք, հրաշք չի լինելու։ Մեզ սպասում է շատ ծանր ճանապարհ։ Ես չեմ ուզում ձեզ հույս տամ, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ Եվ քրտինք է լինելու, և արյուն է թափվելու։ Շատ աշխատանք է պահանջվելու», -ասել է նա։