ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
- Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
- Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Խմբում ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, այլք: