Արդեն 24 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում՝ Ստեփանակերտի շուկայում, սնունդը գրեթե սպառվել է. մնացել է միայն ալյուր, կաթնամթերք, միս և շուկայի այցեքարտը՝ ժենգյալով հացը։
Ստեփանակերտի բնակիչ Դոնարա Գասպարյանը 30 տարուց ավելի Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է պատրաստում և վաճառում: Այսօր էլ, ինչպես ասաց 168.am-ի հետ զրույցում, սովորականի պես եկել է աշխատանքի․
«Քանի ալյուրն ու կանաչին կա, աշխատելու ենք։ Կանաչին գյուղից են բերում, թարմ քաղում բերում են, մեր բախտից ա, որ ձյուն չկա, թե չէ էդ կանաչին էլ որ չլինի, ժենգյալով հաց չենք կարողանա պատրաստել։ Մարդիկ մեկ-մեկ գալիս են շուկա, հիմնականում ժենգյալով հաց, մեկ էլ միս ու կանաչի են տանում․․․»։
Արցախցի կնոջը հարցրեցինք՝ ո՞նց դիմավորեցիք Նոր տարին, ծիծաղելով պատասխանեց․
«Շա՜տ լավ, մի քիչ դիլխոր, բայց դե ոչինչ լի, ամեն ինչ էլ ճարել ենք։ Միսը կա, հացը կա, բանկա-մանկա, թթու-մթու էլ կա, հերիք ա․․․»։
Տիկին Դոնարային հարցրեցինք՝ միայն ընտանիքի անդամներո՞վ են նշել, թե՞ նախորդ տարիների նման՝ նաև միմյանց հյուր են գնացել ․
«Էդ օրը ամենքն իր տանն են անց կացրել, բայց մին 3 օր իրար տուն էին գնում-գալիս։ Հիմնական մաղթանքն էլ՝ շուտ մեր ճանապարհը բացեն, խաղաղություն լինի, մենք մեր հողում՝ Արցախում, խաղաղ ապրել ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում։ Լոխ սպասողական վիճակում ենք․․․»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։