Երեկ համացանցում հայտնվեց ԱրմՆյուզ հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» ծրագրի հերթական թողարկումը, որի հյուրն էր երգչուհի Ռոզա Ֆիլբերգը: Տվյալ թողարկման ժամանակ երգչուհին ներկայացրեց իր նոր՝ «Primavera» տեսահոլովակը, ինչից հետո հաղորդավարուհի Դիանա Մալենկոն շեշտեց, որ տվյալ տեսահոլովակը կարծես թե հայտնի երգչուհի Dua Lipa-ի «Be The One» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի կրկնօրինակումը լինի: Ի պատասխան Դիանայի՝ Ռոզան նշեց, որ իր տեսահոլովակի գաղափարը եղել է իրենն ու եղբորը՝ երգիչ Մհերինը, ով նաև երգչուհու պրոդյուսերն է:
Դե իսկ այս ամենը կարծես թե ամփոփվեց համացանցային օգտատերերից մեկի կողմից, ով «Ինչպես Դիանա Մալենկոն ուղիղ եթերում խայտառակեց Մգեր Արմենիայի քրոջը» վերնագրով հրապարակում տեղադրեց, ինչն էլ քննարկումների առիթ դարձավ:
Asekose.am-ը կապ հաստատեց Մհերի հետ՝ մեկնաբանություն ստանալու տեսահոլովակների նմանության և դրանց շուրջ առաջացած քննարկումների մասին:
«Նախ ասեմ, որ Ռոզա Ֆիլբերգի բոլոր հարցերով զբաղվում է «Mger Armenia Production»-ը, որի մեջ մտնում են մարդիկ, ովքեր աշխատում են մեզ հետ: Կոնկրետ այս տեսահոլովակը չունի ռեժիսոր, սա թիմային աշխատանքի արդյունք է: Այսինքն՝ կար գաղափար, որը փորձել ենք իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է երգին, այն ռիթմիկ, պարային երգ է, որի գործիքավորումը կատարել է Նիկ Եգիբյանը»,- նշեց երգիչ Մհերը:
Անդրադառնալով Դիանա Մալենկոյի հնչեցրած տեսակետին, ըստ որի՝ իրենք մասամբ կրկնօրինակել են հայտնի երգչուհու տեսահոլովակը, Մհերը նկատեց.
«Ուղղակի կնշեմ, որ Դիանան կարող է հայտնել իր կարծիքը, անգամ չեմ ուզում այս ամենը մեկնաբանել, որովհետև իմաստ չունի մեկնաբանել հաղորդավարուհու՝ ուղիղ եթերում հնչեցրած սուբյեկտիվ կարծիքը: Մենք շատ սիրով լսում ենք բոլոր կարծիքները և հաշվի ենք առնում դրանք: Եթե Դիանան նմանեցրել է այդ երկու տեսահոլովակները, նորմալ է, դա իր խնդիրն է»,- ասաց Մհերը:
Իսկ արդյո՞ք ինքն անձամբ չի նմանեցնում տեսահոլովակները, որովհետև թե կադրային և թե երգչուհիների արտաքին տեսքի, հագուստի միջև իսկապես նմանություն կա, Մհերը պարզաբանեց.
«Նմանեցնում եմ, հետո ինչ»,- ասաց երգիչը՝ հավելելով. «Միգուցե Ռոզան կերպարային ինչ-որ նմանություն ունի Dua Lipa-ին, բայց ասեմ, որ մենք ընդահանրապես դրա միտումը չենք ունեցել և հաշվի չենք առել տվյալ երգչուհու տեսահոլովակի կադրերը Ռոզայի տեսահոլովակը նկարահանելուց առաջ: Մեր խնդիրը դա չի եղել, մեր խնդիրը եղել է ներկայացնել երգ, տեսահոլովակ, ինչպես նաև ցանկություն ունեինք հանրությանը Ռոզային մեկ այլ կերպարով ցույց տալ»:
Եվ վերջում պատասխանելով հարցին, թե արդյո ՞ք այդ ամենը որևէ կերպ վիրավորել է Ռոզային, այդ թվում նաև իրեն, Մհերը պատասխանեց.
«Ոչ, բացարձակ ոչ մի վիրավորանք չկա»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Մհերը (Mger Armenian):