Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցուցադրել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի լուսանկարները և համոզմունք հայտնել, որ վրացական իշխանությունները հրապարակավ խոշտանգում և սպանում են նրան։
Այս մասին նա հայտարարել է Կիևում՝ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Ukrinform-ի թղթակիցը։
Երկրի ղեկավարը ցույց է տվել Սաակաշվիլիի լուսանկարը՝ նշելով, որ լուսանկարներն իրեն տրվել են ավստրիացի գործընկերոջ հետ հանդիպումից առաջ։
«Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ հրապարակային խոշտանգումներ: Ես չեմ քննարկում այն հարցը, թե ինչու են ձերբակալել Վրաստանի նախկին նախագահին, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դա Վրաստանի քաղաքականության և ժողովրդավարության համար: Սա նրանց ներքին հարցն է։ Խոսքս Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության մասին է, ով ամեն օր հրապարակային խոշտանգումների է ենթարկվում։ Կարծում եմ՝ նրանց նպատակը նրան սպանելն է»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Սաակաշվիլին թունավորվել է և այժմ կամաց-կամաց մահանում է։