Ծնվել է երգիչ Վլադիմիր Արզումանյանի առաջնեկը: Երգիչը դուստր է ունեցել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վլադիմիրը նշեց, որ դուստրը լույս աշխարհ է եկել փետրվարի 14-ին: Ծնողները փոքրիկին Սոֆիա են անվանել:
«Ոչ ոքի պատվին անունն ընտրված չէ, պարզապես, թե ես, թե կինս սիրում ենք այս անունը»,-ասում է 24-ամյա երգիչը:
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանին հաղթանակ բերած արտիստը հավելում է՝ դստեր հետ առաջին հանդիպումը սպասված էր ու հուզիչ,-«Հրաշալի զգացողություններ ունեմ: Փառք Աստծո՝ թե կինս, թե աղջիկս, իրենց շատ լավ են զգում»:
Փոքրիկ Սոֆիայի համար երիտասարդ հայրիկը երազում է ամենակարեւորի մասին,-«Որ լինի առողջ ու մեծանա խաղաղ երկնքի ներքո»:
Երգիչն ու կինը տարիներ առաջ ծանոթացել են Արցախում: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2022 թ-ի հունվարի 8-ին՝ Ստեփանակերտում: «Դա շատ կարեւոր փաստ էր թե´ ինձ, թե´ Աննայի համար: Մենք՝ երկուսս էլ Արցախից ենք, եւ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում շատ ճիշտ որոշում էր հենց այնտեղ պսակադրվելը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր Վլադիմիրը։
Այժմ զույգը բնակվում է Երեւանում: