Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզային այցերի է, առգրավված իրեղեն ապացույցներն անձամբ է տանում թանգարան, լուսանկարներում պետք է լուրջ լինի, երեխաների հետ շատ լուսանկարներ պետք է ունենա ու պետք է կերտի բարի դեմք։
Վերջերս, սակայն, այս ամենին գումարվել է տեքստերում իրականությունից հեռու, վերամբարձ վերնագրեր «թելադրելը» լրատվականներին․ օրինակ` «Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն»։
Այս ամենը պետության համար շատ լավ կլիներ, եթե դա չասեր Նիկոլ Փաշինյանի սիրելի օգնականը, ով գլխավոր դատախազ է դարձել հենց սիրելի օգնական և սիրելի զեկուցող լինելու շնորհիվ։
Մարտի մեկին էլ մամուլում լուր է հայտնվում, թե Աննա Վարդապետյանն ասել է Սասուն Խաչատրյանին՝ գործը դիր սեղանիս։
Իսկ հիմա այն մասին, թե ինչ առնչություն ունեն «սիրելիներն» ու «Մարտի 1»-ի գործը․ NEWSPRESS.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է թաքնված Աննա Վարդապետյանի այդ հայտարարության տողատակում։
Ինչ պարզեցինք
Աննա Վարդապետյանը սիրելիներ, իհարկե, ունի, պարզապես, երբ չի հաջողվում հաղթել այլ կառույցների ղեկավարներին, չսիրելիներն են նշանակվում պաշտոնների, բայց այդ մասին մեր հաջորդ հրապարակումներում։
Նշան Մաթևոսյան
Մարտի 1-ի գործով քննիչ, նախկինում ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի (1951–2012․ հանկարծամահ էր եղել աշխատասենյակում) որդին։
Դատախազության կայքում NEWSPRESS.am-ը չգտավ Նշան Մաթևոսյանի պաշտոնը բարձրացնելու մասին` Աննա Վարդապետյանի հրամանը։
Նշան Մաթևոսյանը, ինչպես հայտնի է դառնում նրա սոցցանցի էջից, ակտիվ ժամանցի սիրահար երիտասարդ է: Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին է գործուղվել Աննա Վարդապետյանի որոշմամբ։
Մեզ հայտնի է դարձել նաև, որ Նշան Մաթևոսյանն Աննա Վարդապետյանի համար այնքան է «սիրելի», որ գործուղումների անբաժան մասն է, այդ թվում՝ արտագնա, այդ թվում՝ պետական կառույցներ, բայց երիտասարդը լուսանկարներում․․․ չկա։
Համաձայն ենք․ գուցե այդպես ավելի ճիշտ է, որովհետև երբ մեկին լուսանկարներում թաքցնում ես, փոքր-ինչ ավելի վստահ ես ասում, թե «սիրելիներ» կամ «չսիրելիներ» չկան՝ մտածելով, որ մարդիկ դրան կհավատան։
Եթե չկան «սիրելիներ», ապա մոտ 30 տարեկանում մի կերպ դատախազ դարձած, ոչնչով աչքի չընկնող տղան ինչո՞ւ է բոլոր տեղերում։ Գուցե պրոֆեսիոնալ աշխատանքո՞վ է տիկին դատախազի «աչքը մտել» Նշան Մաթևոսյանը՝ իսկ ի՞նչ է արել, բացի այն, որ կիսվել է Վարդապետյանի` վարչապետի օգնական դառնալու լուրով:
Պարզվում է նաև, որ այս երիտասարդը բավականին ճոխ կյանքով է ապրում, սիրում է ճամփորդել, լուսանկարվել շոգեբաղնիքում և հրապարակել։
Բարեվարքության կանոններն Աննա Վարդապետյանը երևի անտեսել է, որովհետև «սկզբունքային» է։
Երևանյան ճանապարհներին «գոնկաներ» անող երիտասարդը հիմա արդեն ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ է, սակայն միշտ չէ, որ նա օրինապահ քաղաքացի է եղել։ 2011 թվականին Նշան Մաթևոսյանն աչքի է ընկել խուլիգանությամբ․ այդ տարում մամուլը ողողված էր լուրով՝ Մյասնիկյան պողոտայում ձերբակալված ավազակային խմբի անդամների հետ բերման էր ենթարկվել նաև ՀՔԾ պետի տեղակալի որդին, նույն ինքը՝ Նշան Մաթևոսյանը, ինչը հետո հայրը հերքեց՝ ոչ թե խմբի անդամ է, այլ հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու։
Դե, հասկանո՞ւմ եք՝ ՀՔԾ պետի տեղակալի որդին էր ինքը․․․
Վերջում, ներկայացնենք նաև երիտասարդի հայտարարագիրը՝ օրինական ստացված եկամուտները։
31-ամյա երիտասարդը մեկ տարվա մեջ՝ միայն 2021-ին, 4 ավտոմեքենա է գնել, 35 միլիոն ռուբլի ունի (շուրջ 175 մլն դրամ), 95 մլն դրամ, տարեկան աշխատավարձն էլ 5.5 մլն դրամ է։ Այս մի քանի թիվն իրար գումարելու, տարիների բաժանելու հետևանքով մեծ կասկածներ կառաջանան «թալանչիներին» դատող դատախազի մոտ (ավելի քան 49 տարի էր պետք տարեկան 5,5 միլիոնով 175+95 միլիոն վաստակելու համար)։
Բայց Մաթևոսյանին պատկանող փողերի ծագումը Վարդապետյանին, հավանաբար, հետաքրքիր չէ, նա «սկզբունքային» է, «սիրելիներ» և «չսիրելիներ» էլ չունի։ Փաշինյանը թերևս սրտնեղում է։
«Չսիրելիներ» ու «սիրելիներ» չկան, իսկ քանի՞ հավ ունի վանքը, տիկին դատախազ։