Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը. fip.am
Advertisement 1000 x 90

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը. fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» հարց էր ուղղել պաշտոնյաների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ընդհուպ մինչև բռնություն կիրառելու դեպքերի մասին՝ նշելով, որ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ։

Ի պատասխան՝ վարչապետն ասել էր, որ կոնկրետ դեպքերից «տեղյակ չէ և կհետաքրքրվի»։

Արդեն մարտի 14-ի մամուլի ասուլիսին FIP.am-ի լրագրողը վարչապետին հիշեցրեց իր խոստման մասին՝ հարցնելով, թե ինչ է պարզել վերոհիշյալ դեպքերի մասով։ Ի պատասխան՝ վարչապետը հայտնեց, որ ուսումնասիրել է դեպքերը և խնդրել  իրավապահ մարմիններին լինել ավելի «ինտենսիվ»։

«Ես հետաքրքրվել եմ և նաև խնդրել եմ, որ ինտենսիվ լինեն էտ գործերը, և էնտեղ որտեղ արդյունքների հասնելու հնարավորություն կա՝ հասնեն էտ արդյունքներին»,- պատասխանեց Փաշինյանը։

Վարչապետի նախավերջին ասուլիսին FIP.am-ը լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու երկու դեպք էր վկայակոչել․ առաջինը վերաբերում էր 2021 թ․ հունիսին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը խլելու և հեռանալու միջադեպին։ 

Մյուսը վերաբերում էր 2022 թ․ մայիսին ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպին, երբ վերջինս ֆիզիկական բռնություն գործադրեց «Մեդիահաբի» օպերատոր Արման Ղարաջյանի նկատմամբ։

Իրականում, սակայն, այս միջադեպերից մեկով այդպես էլ քրեական գործ չէր հարուցվել, մյուսով էլ՝ հարուցվել էր, հետո կարճվել։ 

Լրագրող Անուշ Դաշտենցի մասով մեկամսյա քննությունից հետո քննիչը եզրահանգել էր, որ քրեական գործ հարուցելու հիմք չկա, քանի որ պատգամավորը չէր խոչընդոտել լրագրողին, չէր կողոպտել նրան։ Հայկ Սարգսյանը հեռախոսը հափշտակելու որևէ դիտավորություն, նպատակ, ցանկություն չէր ունեցել, և վերցնելու միակ նպատակը դրանով իր վերաբերյալ արված տեսագրությունը ջնջելն էր եղել, հետևաբար՝ քրեական գործ հարուցելու հիմք քննիչը չէր գտել։

Մյուս բռնության դեպքից մեկ ամիս անց քննիչը գտել էր, որ օպերատոր Արման Ղարաջյանի գործողություններն են եղել ոչ օրինաչափ, հետևաբար Սարգիս Հովհաննիսյանի և իր ենթակայի՝ Էդգար Պապինյանի գործողություններում բացակայում են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմի հատկանիշները:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը հետաքրքրվել է այդ գործով և խնդրել է իրավապահ մարմիններին լինել ավելի «ինտենսիվ», կեղծ է, քանի որ դեռևս հունվարին՝ մեր կողմից հարցը հնչեցնելու պահին, երկու դեպքով էլ մեղավորներ չկային․ մի դեպքում քրգործ ընդհանրապես չէր հարուցվել, մյուս դեպքում՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել։ 

Սևադա Ղազարյան

fip.am