Կուալա Լումպուրում առաջին անգամ հայ համայնքի համար մատուցվել է Սուրբ պատարագ
Advertisement 1000 x 90

Կուալա Լումպուրում առաջին անգամ հայ համայնքի համար մատուցվել է Սուրբ պատարագ

Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել Հրեշատակապետ եկեղեցում (Ռուս Ուղղափառ) փետրվարի 4-ին առաջին անգամ մատուցվել է Սուրբ պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Տեր Զավեն Վարդապետ Յազիչյանի, Հոգևոր հովիվ Սինգապուրի, Մայանմարի և Բանգլադեշի, Ծայրագույն Արևելքում Նորին Սրբության ներկայացուցիչի: Ինչպես տեղեկացրին Մալայզիայի հայ համայնքից, պատարագին ներկա են եղել համայնքի բոլոր անդամները , հյուրեր, հայ ազգի բարեկամներ, հայեր, ովքեր բնակվում են Մալազիայի Ջոհոր Բահրու շրջանում, ինչպես նաև Ինդոնեզիայում բնակվող հայեր:

Հոգեշնորհ Հայր Սուրբն իր պատգամն է փոխանցել ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Մալայզիայի հայ hամայնքի նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանին և համայնքի բոլոր անդամներին՝ իրենց կազմակերպչական հրաշալի աշխատանքի համար։ Հայր Սուրբը, մասնավորապես նշել է․«․․․որ ամուր հավատք և անսպառ սեր առ Սուրբ Եկեղեցին և Մայր Հայրենիքը միավորում է մեզ այսօր այս սրբազան հարկի ներքո․․․ հակառակ այն իրականությանը, որ Մալազիայում այսօր չունենալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, բարձր գնահատանքի է արժանի այն ջանք ու եռանդը, սերն ու նվիրումը, որ դուք չեք խ նայել այս գեղեցիկ տեսլականն իրականություն դարձնելու համար․․․ դուք, իրապե՛ս, շարունակում եք լինել ժառանգորդն այն ժառանգության, որը մեր նախնիները ժամանակին ստեղծել են այս երկրում»։

Հայր Սուրբը փոխանցել է Նորին Սրբության գնահատանքն ու օրհնությունը, և մաղթել, որ Աստված բազմապատիկ հաջողություններ պարգևի հայրենանվեր նորանոր գործերին: «Սուրբ Պատարագի ավարտին տեղի է ունեցել Սուրբ Մկրտության սրբազան խորհրդակատարություն: Երեք մանուկներ վերածնվելով դարձել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդեգիրը: Սուրբ Մկրտության արարողությունը կարծես Մալազիայի Հայ Համայնքի «վերածննդի և հարության» բարձրաղողանջ կոչնակը եղավ և կրկին անգամ ապացուցվեց համայնքի նվիրումն առ Հայ Առաքելական Մայր Եկեղեցի: Անսահման էր ուրախությունն ու աննկարագրելի խանդավառությունը հավատացյալ հայորդիների և ներկաների, որը շաղախված է գալիքի նկատմամբ հույսի և հավատի զգացողությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: