«Բարոյականության մասին ինքն ընդհանրապես իրավունք չունի խոսելու». Տիրան Խաչատրյանը՝ Վահագն Ալեքսանյանին. news.am
Advertisement 1000 x 90

«Բարոյականության մասին ինքն ընդհանրապես իրավունք չունի խոսելու». Տիրան Խաչատրյանը՝ Վահագն Ալեքսանյանին. news.am

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը հարկ չի համարում արձագանքել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, որ եթե Տիրան Խաչատրյանը թաքցնելու ոչինչ չունի, ապա պետք է ներկայանա Ազգային ժողով՝ մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

«Վերջին հարցազրույցում ես պարզ ասել եմ։ Եթե ինքը փոքր հասկացողություն ունի, թող ուշադիր լինի, եթե հարցեր կան իմ հետ, ասել եմ՝ ինչ կարգով ու շարունակությունը ոնց կլինի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք պատրաստվում է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Նշենք՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին ներկայանալուց մեկ օր անց՝ մարտի 17–ին, Տիրան Խաչատրյանը 5–րդ ալիքի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե կլինեն զինվորականներ, որոնք վախեցած են, օրինակ գեներալ Տիրան Խաչատրյանը, ասել էր.

«Թող իրենք բացատրեն՝ ինչից եմ վախեցած, էդ ինչի՞ց եմ երբեւէ վախեցած եղել, որ հիմա էլ վախեցած լինեմ, եթե ուզում են ստուգեն, տեսնեն՝ վախեցա՞ծ եմ, թե՝ ոչ,  պատրաստ եմ ամեն տեղ, իրենց ուզած պայմաններով բոլորի հետ, կամ առանձին, ուզում են լրատվամիջոցների մասնակցությամբ, թե առանց դրանց, էդ ինչի՞ց եմ վախեցած»։

Լրագրողի հարցին՝  Տիրան Խաչատրյանին դիմե՞լ եք, նա հրաժարվե՞լ է ներկայանալ քննիչ հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանն ասել էր.

«Ինքը հրապարակայնորեն է հրաժարվել»։

Տիրան Խաչատրյանը 5–րդ ալիքի հետ զրույցում, սակայն, ասել էր, որ իրեն չեն հրավիրել քննիչ հանձնաժողով, թեեւ հրավերի դեպքում էլ մերժում են ստանալու, որովհետեւ չի գնալու մի վայր, որտեղ իրականությունը ներկայացնում են այնպես՝ ինչպես ցանկանում են։

ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանն  այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, թե Տիրան Խաչատրյանն անհասկանալի պատճառներով չի գնացել Ազգային ժողով։

«Եթե չեմ սխալվում, Տիրան Խաչատրյանն անհասկանալի պատճառներով հրաժարվում էր ներկայանալ քննիչ հանձնաժողով, նույնիսկ հարցազրույց էր տվել այդ առիթով։ Ինձ համար զարմանալի է եւ առնվազն տարօրինակ նաեւ այն, որ իր հրամանատարը գալիս է, իսկ ինքը հրաժարվում է։ Փորձում է ժամադրություններ նշանակել, ասում ՝ որտեղ, երբ ուզում եք, բա ասում ենք՝ ուզում ենք ԱԺ–ում՝ քննիչ հանձնաժողովի սենյակում։  Թող գա, հարցեր տանք, պատասխանի։ Եթե թաքցնելու ոչինչ չունի, կարծում եմ, որ կաշկանդվելու ոչինչ չկա, եւ դա կարող են փաստել քննիչ հանձնաժողովում ներկա եղած բոլոր անձինք»,– ասել էր Ալեքսանյանը։

«Անհասկանալին իրենք են, անհասկանալի ծնվել են, անհասկանալի ապրում են։ Ես շատ հասկանալի մեկնաբանել եմ՝ բնականաբար հասկացողների համար»,– արձագանքելով Վահագն Ալեքսանյանին՝ ասաց Տիրան Խաչատրյանը։

Վահագն Ալեքսանյանը շեշտել էր նաեւ, որ բոլորը պետք է ներկայանան քննիչ հանձնաժողով, քանի որ դա առնվազն բարոյականության ցուցիչ է։

«Բարոյականության մասին ինքն ընդհանրապես իրավունք չունի խոսելու»,– պատասխանելով ՔՊ–ականին՝ ասաց Տիրան Խաչատրյանը։

news.am



Նման նյութեր