«Զեյթունցիների քայլերգի» հետքերով. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Զեյթունցիների քայլերգի» հետքերով. armeniasputnik.am

1860-ականներին գրված հանրահայտ «Զեյթունցիների քայլերգը», որի երաժշտության հեղինակը հայ մեծանուն կոմպոզիտոր, ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանն է, իսկ խոսքերինը՝ բանաստեղծ Հարություն Չաքրյանը, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հիրավի ազգային-ազատագրական պայքարի հիմնի նշանակություն ստացավ։

«Արևն ելավ, Զեյթունցինե’ր, Դե ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ. Ինչո՞ւ, ինչո՞ւ գլուխ ծռենք Բռնավորին մեր վիզ պարզած»: Պատահական չէ, որ 1968 թվականին հենց այս քայլերգը դարձավ Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակին նվիրված նորաբաց հուշարձանի զանգերի մեղեդին: 1988-ին սկսված Ղարաբաղյան շարժման ընթացքում «Զեյթունցիների քայլերգը» կրկին ոգեշնչում էր Արցախի ազատության համար պայքարի ելած հայորդիներին, իսկ ահա 1991-ին այդ քայլերգը քննարկվում էր արդեն որպես անկախ Հայաստանի պետական օրհներգի ընդունման տարբերակներից մեկը: Ի՞նչ կարևոր քաղաքական զարգացումներ էին տեղի ունենում հայերի համար 1862 թվականին Օսմանյան Թուրքիայում, որոնք հետագայում խթան հանդիսացան «Զեյթունցիների քայլերգի» ստեղծմանը:

Զեյթուն քաղաքը և նույնանուն գավառը (ներկայումս՝ Սուլեյմանլի) գտնվում են Լեռնային Կիլիկիայում, դժվարամատչելի բարձրադիր տեղանքում, Մարաշ քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Մոտ երկուսուկես դար Զեյթունը փաստացի ինքնավար հայկական գավառ էր: Զեյթունցիները մշտապես մարտնչել են իրենց ազատության համար, և այդ պայքարի ամենափայլուն արտահայտությունը դարձավ Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, որը պատմության մեջ Օսմանյան բռնապետության դեմ հայերի ամենանշանավոր ընդվզումներից է:

Ներկայացվող հին լուսանկարի վրա՝ Զեյթունի 1862 թվականի ապստամբության ղեկավարներն են, ձախից՝ աջ կանգնած են. իշխան Ղազար Շովրոյան, քահանա Տեր Մովսես Խաչուկենց և իշխան Աստվածատուր Ենիտունյան։ Այս հին նկարից զենքը ձեռքին մեզ են նայում հպարտ ու հաղթանակած կեցվածքով այրերը, և սա գուցե նաև ներկայի համար մեզ ուղղված յուրօրինակ խորհրդանշական պատգամ է:

1862 թվականի հուլիսի սկզբին թուրքական բանակը, որի թիվը հասնում էր մոտ 40 հազարի, հարձակվեց Զեյթունի վրա՝ առիթը հայերի և թուրքերի միջև ծագած հողային վեճերն էին: Նրանց դեմ դուրս եկան զեյթունցիների 7 հազարանոց ինքնապաշտպանական ջոկատները, որոնք զինված էին ընդամենը պապենական հնաոճ հրացաններով ու ատրճանակներով, սառը զենքով, մահակներով ու քարերով: Իրենց թվային գերազանցության և լավ սպառազինության շնորհիվ, թուրքերը շուտով գրավեցին մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան բուն քաղաքում:

Օգոստոսին թուրքական ուժերը տարբեր կողմերից շրջապատել էին Զեյթուն քաղաքը: Անկոտրուն հայ լեռնականներն իրենց եղած ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն:

Թուրքերը, ծանր կորուստներ տալով և զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթուն գավառի սահմաններից:

Այդ ապստամբությունը միջազգային մեծ արձագանք ունեցավ: Հայկական պատվիրակությունը կարողացավ հանդիպել Կ.Պոլսում գտնվող Ֆրանսիայի դեսպանին և նրան հանձնել զեյթունցիներին օժանդակություն տրամադրելու խնդրանքը, որից հետո Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը ճնշում գործադրեց սուլթանի վրա:

Վերջինս ստիպված էր տեղի տալ՝ դադարեցնելով Զեյթունի պաշարումը, և ֆրանսիացիների միջնորդությամբ հայերի ու թուրքերի միջև կնքվեց հաշտություն:

Հենց այս հաղթական իրադարձություններով ոգեշնչված Տիգրան Չուխաջյանը գրեց ազգային ազատագրական պայքարի իր հայտնի մարտական հիմնը՝ «Զեյթունցիների քայլերգը»:

armeniasputnik.am