Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել աշխարհի բոլոր հակամարտությունները
Advertisement 1000 x 90

Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել աշխարհի բոլոր հակամարտությունները

Իր զատկական ուղերձում Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ը կոչ է արել աղոթել ուկրաինական ու ռուսաստանյան ժողովուրդների համար, գովեստի խոսքեր է ասել փախստականներին ընդունող երկրների հասցեին և կոչ է արել իսրայելցիներին ու պաղեստինցիներին, որ տուժել են  մահաբեր բռնության վերջին բռնկումից, «վստահության մթնոլորտ» ստեղծել, տեղեկացնում է PA Media-ն։

86-ամյա պոնտիֆիկոսը տոնակատարությունն ավարտել է աշխարհի անհանգիստ կետերի վերաբերյալ ավանդական ելույթով։

«Օգնիր սիրեցյալ ուկրաինական ժողովրդին դեպի խաղաղություն նրա ճանապարհին և Զատկի լույսը  սփռիր Ռուսաստանի ժողովրդի վրա,- Աստծուն է դիմել Ֆրանցիսկոս 1-ը իր զատկական խոսքում, որն արտաբերել է Ս․Պետրոսի տաճարի  հրապարակին նայող պատշգամբից՝ բազկաթոռին նստած։- Մխիթարեք վիրավորներին ու բոլոր նրանց, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են հարազատներին և հնարավորություն տվեք գերիներին ողջ-առողջ վերադառնալ իրենց ընտանիքները»։

Նա կոչ է արել միջազգային հանրությանն աշխատել Ուկրաինայում պատերազմի և «աշխարհում բոլոր հակամարտությունների ու արյունահեղությունների» դադարեցման ուղղությամբ։

Ֆրանցիսկոսը   աղոթել է նաև բոլոր նրանց համար, ովքեր հարազատներ  են կորցրել երկու ամիս առաջ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, որը տասնյակ հազարավոր կյանքեր է խլել։

news.am