«Անի» հյուրանոցում Զուրաբ Նեմսաձեի ինքնասպանության դեպքով «Փինք Արմենիա»-ն կոչ է անում իրավապահներին
Advertisement 1000 x 90

«Անի» հյուրանոցում Զուրաբ Նեմսաձեի ինքնասպանության դեպքով «Փինք Արմենիա»-ն կոչ է անում իրավապահներին

2017թ. փետրվարի 11-ին Անի հյուրանոցում նախնական տվյալներով ինքնասպանություն է գործել Ռուսաստանի քաղաքացի 23-ամյա Զուրաբ Նեմսաձեն (մամուլում ազգանունը ներկայացված է Համազադեհ):

Մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով դեպքին, նշել էին, որ Զուրաբի դեմ մի երիտասարդ ոստիկանություն բողոք էր ներկայացրել` իր նկատմամբ սեռական բռնության և այդ գործողության պոռնկագրական բնույթի նյութերը համացանցում տարածելու մեղադրանքով: Նաև նշված էր, որ այդ երիտասարդը հետագայում ինքնասպանության փորձ է կատարել:

Սակայն, այդ լրատվամիջոցները չէին գրել, որ Զուրաբի, հետագայում նաև Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հ/կ-ի անունից նույնպես ոստիկանություն  դիմում էր ներկայացվել` վերոնշյալ երիտասարդի` վտանգի մեջ լինելու և վերջինիս ինքնասպանության փորձի դրդապատճառների վերաբերյալ:

Ըստ Զուրաբի պատմածի, փետրվարի սկզբին նա Հայաստան էր եկել իր զուգընկերոջ` նշված երիտասարդի, խնդրանքով, որպեսզի օգնի նրան ազատվել ընտանիքի ճնշումներից:

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հ/կ–ին այս պահին անհայտ է երիտասարդի վիճակը և գտնվելու վայրը: Զուրաբի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով:

Կազմակերպությանը և դրա իրավաբաններին Զուրաբ Նեմսաձեն մահվանից առաջ լիազորագիր է հանձնել, ինչի հիման վրա վերջինիս շահերը կներկայացվեն գործի քննության ընթացքում:

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հ/կ-ն, հետամուտ լինելով գործի պատշաճ քննությանը, լրատվամիջոցներին հորդորում է աչալուրջ լինել, համակողմանի լուսաբանել դեպքը, բացահայտել ճշմարտությունը և այն ուշադրության կենտրոնում պահել:

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առանց նախապաշարումների պարզել իրողությունը, բացահայտել իրական մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել:

Հարկ է գիտակցել, որ այս պատմությունն արդեն ողբերգության է հանգել, սակայն եթե հավանականություն կա մեկ այլ ողբերգության, անհապաղ պետք է կանխել:

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հ/կ (Փինք Արմենիա)



Նման նյութեր