
Չինաստանում 11-ամյա տղան մոր հետ վիճաբանությունից հետո հեծանիվով 130 կմ ճանապարհ է անցել՝ փորձելով հասնել տատիկի տուն, գրում է Oddity Central-ը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիճաբանության ժամանակ աշակերտը մորն ասել է, որ պատրաստվում է հեռանալ, սակայն վերջինս չի հավատացել։ Դեռահասը մոտ 22 ժամ հեծանիվ է վարել` անցնելով բանուկ արահետներով: Անցորդները նկատել են հյուծված տղային ու ոստիկանություն կանչել։ Սպաները նրան հարցրել են, թե ինչ է պատահել, որից հետո տարել են ոստիկանության բաժանմունք։
Ոստիկանությունից հավելել են, որ աշակերտը առանց նավիգացիոն սարքերի շարժվել է բարդ ճանապարհային ենթակառուցվածքով, ինչի պատճառով նա մի քանի անգամ սխալ շրջադարձ է կատարել։ Չնայած դրան՝ նա արդեն տատիկի տնից երկու ժամ էր հեռու գտնվում։ Այս ամբողջ ընթացքում հեծանվորդը հացով ու ջրով է սնվել։ Չինացի մայրը տատիկի հետ եկել է ոստիկանություն՝ այնտեղից վերցնելու որդուն։
Կինը որդու պահվածքն անվանել է «մանկական հիստերիա»։ Ոչ մի խոսք չկա այն մասին, թե արդյոք նա կենթարկվի որևէ պատժի։