Պլինիոս Ավագի աշխատությունների համաձայն՝ մայրցամաքը Սիցիլիայի հետ Մեսինայի նեղուցով կապող կամրջի մասին երազանքը եղել է դեռ Հին Հռոմում։
Եթե կամուրջը Մեսինայի նեղուցի վրայով կառուցվեր, դրա երկարությունը կկազմեր 3,2 կիլոմետր, եւ այն կդառնար աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը, տեղեկացրել է CNN-ը։
Այժմ մասշտաբային այս պլանն իսկապես կարող է իրականացվել շնորհիվ այն հրամանագրի, որն ընդունել է վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունն անցած ամիս՝ այն բանից հետո, երբ տրանսպորտի նախարար Մաթեո Սալվինին առաջարկեց վերածնել այն պլանը, որը վերջին անգամ առաջ էր քաշվել Սիլվիո Բեռլուսկոնիի վարչապետության օրոք։
Նախագծի արժեքը 4,5 մլրդ եվրո է միայն կամրջի եւ 6,75 մլրդ եվրո՝ երկու կողմից նրա աջակից ենթակառուցվածքի համար, որը ներառում է մեքենաների եւ երկաթուղային հաղորդակցության արդիականացում, տերմինալների կառուցում եւ նախապատրաստական աշխատանքներ ցամաքում եւ ծովի հատակին։
Պլանները կարող են հեռանկարային թվալ, բայց կան բարդ խնդիրներ։
Հարավային Իտալիան թաղված է կոռուպցիայի մեջ, քանի որ երկու խոշոր կազմակերպված հանցավոր սինդիկատներ՝ կալաբրիական «Նդրանգետան» եւ սիցիլիական «Կոզա Նոստրան», թափանցել են շինարարական նախագծեր։
«Նոմոս-Ցենտր» վերլուծաբանական կենտրոնի մաֆիայի դեմ պայքարի հետազոտությունում նշվել է, որ նախագծի որոշ մասեր, ինչպիսին են տրանսպորտը եւ մատակարարումը, կարող են հայտնվել քրեական վերահսկողության տակ, կա նաեւ հավանականություն, որ տեղի մաֆիոզիները կարող են փող պահանջել պաշտպանության համար։
Գոյություն ունեն նաեւ երկրաֆիզիկական խնդիրներ, որոնց դեմ, գուցե, էլ ավելի դժվար է պայքարել։
Շրջակա միջավայրի պաշտպանները երկար ժամանակ հավաստիացնում էին, որ կամրջի կառուցումը կործանարար ազդեցություն կգործի տեղանքի եւ վայրի բնության վրա։
Վայրի բնության համաշխարհային ֆոնդը եւս դեմ է նախագծի վերսկսմանը։
Բնապահպան կազմակերպությունները հավաստիացնում են, որ կես ժամանոց լաստանավն ամենալավ երթուղին է։
Այնուամենայնիվ, կամուրջը երբեք այնքան մոտ չի եղել իրականացմանը, որքան այսօր, այն բանից հետո, երբ Մելոնին ստորագրել է հրամանագիրը կոնկրետ պլանների իրականացման մասին։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի հունիսին, եւ Մաթեո Սալվինին հույս ունի աշխատանքն սկսել մինչեւ 2024թ. հուլիս։