Միջադեպ ու ծեծկռտուք Սպիտակի համայնքապետի որդու եւ վարչական ղեկավարի ամուսնու միջեւ. Aravot.am
Advertisement 1000 x 90

Միջադեպ ու ծեծկռտուք Սպիտակի համայնքապետի որդու եւ վարչական ղեկավարի ամուսնու միջեւ. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ նախօրեին դեմքի եւ մարմնի սալջարդ վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Սպիտակ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Սարամեջ համայնքի վարչական ղեկավարի ամուսինը, որը բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ըստ շրջանառվող լուրերի, վարչական ղեկավարի ամուսնու հետ միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում: Միջադեպի հետ կապված շրջանառվում է նաեւ Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի որդու անունը։ Նա հաստատեց մեր այս տեղեկությունը, նշելով, որ տեղի ունեցածը միջանձնային խնդիր է, որեւէ քաղաքական եւ աշխատանքի հետ կապված խնդիրներ չկան:

Shamshyan.com–ի համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։

Մայիսի 18-ին, ժամը 21․30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի իտալական թաղամասում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Է․Հովհաննիսյանի և Սպիտակ քաղաքի բնակիչ, 26-ամյա Գոռ Նիկողոսյանի միջև, որի ժամանակ վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Է․Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Գ․ Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն (լուսանկարում) է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։ Սարամեջ համայնքի վարչական ղեկավարի ամուսինն, «Առավոտի» տեղեկություններով՝ այսօր դարձյալ դիմել է բուժօգնություն ստանալու համար։

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ



Նման նյութեր