Ուրեմն ԿԳԲ-ն ասել է՝ Հայրիկյանը չլինի. ԱԻՄ առաջնորդի պատասխանը «ԵԼՔ»-ին. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ուրեմն ԿԳԲ-ն ասել է՝ Հայրիկյանը չլինի. ԱԻՄ առաջնորդի պատասխանը «ԵԼՔ»-ին. armtimes.com

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ «ԵԼՔ»-ը մեծագույն սխալ է գործում՝ ԱԻՄ-ին դաշինքի կազմ չընդգրկելով: Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ այդ դաշինքում աշխատել չգիտեն:

«Հասկանալի է, որ մենք չէինք պատրաստվում քննարկել առաջին երեք տեղերը: Մենք նույնիսկ ասում ենք, որ պատրաստ ենք նրբություններ հաշվի առնել՝ ժամանակի սղությամբ պայմանավորված: Ասում ենք՝ տղերք, ինչ որոշել եք, համաձայն ենք: Հզորացնում ենք ձեզ, հզորանում ենք մենք, մեր ընտրողներին էլ չենք կոտրում: Իրենք ասում են ժամանակ չկա: Սա իրենց ամենալուրջ սխալն է՝ դեռ գործը չսկսած: Աստված իրենց հետ, ես էնքան եմ տեսել էսպիսի մարդիկ»,- ի պատասխան «ԵԼՔ»-ի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Էդմոն Մարուքյանի հայտարարության՝ մեզ հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա նույնիսկ կասկած հայտնեց, որ այստեղ ԿԳԲ-ի մատն է խառը: «Ուրեմն ԿԳԲ-ն ասել է Հայրիկյանը չլինի: Իրենք էլ ինքնասպանություն են գործում»,- հավելեց նա: ԱԻՄ առաջնորդը հիշեցրեց, որ իրենք մինչ այժմ էլ դեմ էին «ընտրություններին» մասնակցելուն, ուղղակի ընտրողներն են հորդորել դիմել «ԵԼՔ»-ին:

«Երեկ ես գրել էի, որ էս տեսակ ընտրություններին մասնակցելը մեր նպատակներում չկա, պարզապես մենք շատ-շատ արձագանքներ ստացանք, բողոքներ քաղաքացիներից, թե՝ էս ի՞նչ եք անում, բա մենք ձեզ ենք ընտրելու, ո՞ւմ տանք մեր ձայնը: Մենք էլ դիմեցինք ԵԼՔ-ին քաղաքացիների պահանջով՝ նկատի ունենալով, որ այնտեղ մոտ են մեր արժեքային համակարգին, հավատալով, որ այստեղ եվրոպական արժեքների են հավատում: Մերոնց մոտ այն համոզմունքը կար, որ դաշինքի ձայներին ավելանու էր ԱԻՄ-ի 2.8 տոկոսը և բավական մեծ թվով ձայներ էին գալու: Աշխատել չգիտեն: Այսքանը կասեմ»,- եզրափակեց Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ ԱԻՄ-ը ժամեր առաջ «ԵԼՔ» դաշինքին հրապարակային ուղերձ հղեց՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու նպատակով դաշինքում ԱԻՄ-ին ընդունելու համար: Ուղերձում նշվում էր, որ այդ առաջարկն արվում է կուսակցության նախագահության անունից:

Ի պատասխան ԵԼՔ դաշինքը քիչ առաջ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձևավորումը և դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը: Այսուհանդերձ, մենք պատրաստակամ ենք եղել ԵԼՔ դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով ներառել ԱԻՄ ներկայացուցիչներին, որի մասին կատարել ենք առաջարկ, ինչը մերժվել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համագործակցության առաջարկը համարում ենք տեխնիկապես անհնար և ժամանակավրեպ»: