«Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը՝ Forbes-ի 30 Under 30 հատուկ համարում
Advertisement 1000 x 90

«Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը՝ Forbes-ի 30 Under 30 հատուկ համարում

Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 30 Under 30 հատուկ ցուցակում։

Քրիստինա Այանյանը Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու հաղորդավարն է: Նա վարում է ամենօրյա՝ «Live From MarketSite» ֆինանսական շոուն, որի շրջանակում հարցազրույցներ է վերցնում գործադիր տնօրեններից եւ բիզնես առաջնորդներից, քննարկում ընկերության հաջողությունները, բիզնես միտումները եւ նորարարությունները:

Այանյանը հարցազրույցներ է ունեցել այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, հետախույզ Անա Գարդները եւ տիեզերագնաց Դիլան Թեյլորը: Նրա շնորհիվ շոուի լսարանն աճել է՝ հասնելով ավելի քան 50 միլիոնի: Նրա աշխատանքը հանգեցրել է համագործակցությունների այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Deloitte Fast 500-ը, RedPoint Ventures InfraRed100-ը եւ CloudNY-ը, նշված է ամսագրի կայքում։

Անդրադառնալով հրապարակմանը՝ Քրիստինան ինստագրամյան էջում գրել է,-«Ես հայտնվեցի ցուցակում։ Մեծ պատիվ է լինել հեղինակավոր Forbes-ի 30 Under 30 համարում։ Որպես առաջին սերնդի ամերիկահայուհի՝ իմ, իմ ընտանիքի ու մեր համայնքի համար այս ճանաչումն անգին է»։

Հավելենք, որ ամսագրի շապիկին Քենդալ Ջեններն է։ Քենդալը Քարդաշյան/Ջեններ ընտանիքի երրորդ անդամն է, ով հայտնվել է հեղինակավոր ամսագրի շապիկին:

Քրիստինա Այանյանը ծնվել է Բոստոնում, մինչեւ 5-րդ դասարան սովորել է հայկական Սուրբ Ստեփանոս վարժարանում: Հայերենի վարժ իմացությունն ու հայրենասիրությունը աղջիկը վերագրում է ծնողների ու ուսուցիչների տված դաստիարակությանը: