Բոշայից՝ փաշա․ 2 տարի 130․000 դրամ չունեցողը 2-րդ տարին անընդմեջ 200 միլիոն է ստանում․ Oragir.News
Advertisement 1000 x 90

Բոշայից՝ փաշա․ 2 տարի 130․000 դրամ չունեցողը 2-րդ տարին անընդմեջ 200 միլիոն է ստանում․ Oragir.News

Երևանի քաղաքապետարանը 2-րդ տարին անընդմեջ, ապօրինի կերպով՝ առանց մրցույթ հայտարարելու (գնումը կարող է կատարվել 1 անձից, եթե այն չի գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 միլիոն ՀՀ դրամ), մայրաքաղաքի ամանորյա զարդարանքը վստահել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին` տոնական ձևավորման համար հատկացնելով 202 միլիոն 406 հազար դրամ։

Ուշագրավ է, որ 2020 թվականին Երևանի քաղաքապետարանը տուգանել է նշված ընկերությանը, 2 ամիս անց գործը հայտնվել է ԴԱՀԿ-ում։ «Սինեմարտ» ՍՊԸ-ն շուրջ 2 տարի՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբերը չի կարողացել վճարել 130․000 դրամ տուգանքը, փաստացի շրջանառություն չի ունեցել, այլապես ԴԱՀԿ-ն հաշվից կգանձեր նշված գումարը։

2022 թվականի հոկտեմբերին տուգանքը վճարելուց մոտ 1 ամիս անց Երևանի քաղաքապետարանն իր տուգանած ընկերությանը վստահեց մայրաքաղաքի ամանորյա զարդարանքը՝ տրամադրելով 191 միլիոն դրամ։ Այս տարի ևս Երևանի քաղաքապետարանն առանց մրցույթի ամանորյա զարդարանքը վստահել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին՝ վճարելով 202 միլիոն դրամ։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց, թե 2020 թվականին ինչի՞ համար են տուգանել «Սինեմարտ» ՍՊԸ-ին, վերջինս պատասխանեց, որ գրավոր հարցում ուղարկենք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 202 միլիոն 406 հազար դրամ։ Այս գումարը առանց մրցույթի տրամադրվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, որը պատասխանատու կլինի Երևանի ամանորյա զարդարանքի համար։

Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2023 թվականի նոյեմբերի 7-ին։ Ըստ պայմանագրի՝ այդ ընկերությունը մայրաքաղաքում տեղադրելու է տոնական լուսավորության սարքավորումներ։

Նշենք, որ «Սինեմարտ»-ը Երևանի ամանորյա ձևավորումը կատարել էր նաև նախորդ տարի՝ կրկին առանց մրցույթի։ 2022-ին մայրաքաղաքի տոնական ձևավորման համար հատկացվել էր 191 միլիոն դրամ։

«Սինեմարտ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ հիմնադրվել է 2008 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ընկերության տնօրենն ու 100% բաժնեմասի սեփականատերը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանն է։

Ի դեպ, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն օրերս տված մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել էր, թե ինչու է ամանորյա զարդարանքը վստահվել հենց «Սինեմարտ» ՍՊԸ-ին։ Նրա խոսքով՝ նշված ընկերության հետ անձնական որևէ փոխկապակցվածություն չկա, և «Սինեմարտ»-ի հետ պայմանագիր է կնքվել այն պատճառով, որ ընկերությունը նախորդ տարի պատշաճ ձևով է իրականացրել մայրաքաղաքի տոնական ձևավորումը։



Նման նյութեր