Սև շուկա է ձևավորվել. մարդիկ փողով ծրագրեր են գրում. hraparak.am
Advertisement 1000 x 90

Սև շուկա է ձևավորվել. մարդիկ փողով ծրագրեր են գրում. hraparak.am

hraparak.am-ը գրում է. «Ինչպես արդեն գրել ենք, դպրոցների կառավարման նոր համակարգով նախատեսվում է դպրոցի տնօրենների ընտրության եւ նշանակման եռափուլ համակարգ։ Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում են հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Սակայն կարգի կիրարկման ընթացքում պարզվել է, որ կան դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, եւ երբեմն բացակայում է ինքնուրույն աշխատանքը։ Այս խնդիրների կարգավորման նպատակով նոր կարգով առաջարկվել է մի քանի մեխանիզմ: Առաջինն արտագրության փաստի հայտնաբերման մեխանիզմն է, որը գործարկվելու է 2024 թ. հունվարի 1-ից:

Փորձագետներից շատերի կարծիքով, այս նոր կարգը տնօրենների հավակնորդների առաջ բարդ խնդիրներ է դնում։ Ավելին` քիչ չեն բողոքները հենց տնօրենների հավակնորդների կողմից: Նախօերին մենք անդրադարձել էինք թիվ 20 հիմնական դպրոցի փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանի բողոքին, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ փորձաքննող կազմակերպություններից մեկն իր զարգացման ծրագիրը գնահատել է 17.3, մյուսը` 13.3։ «Սա նշանակում է, որ կա՛մ չափանիշը հստակ չէ, կա՛մ էլ կազմակերպություններն առաջնորդվում են իրենց հայեցողությամբ, գուցե նաեւ՝ որեւէ հրահանգավորմամբ, որովհետեւ չի կարող մի կազմակերպությունը դնել 17.3, մյուսը՝ 13.3»,- ընդգծել էր տնօրենի հավակնորդը:

Տնօրենի նշանակման գործող կարգով՝ հավակնորդների ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից։ Իսկ ընտրված կազմակերպությունները 2-ն են՝ Վահրամ Սողոմոնյանի «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը եւ Վահրամ Թոքմաջյանի «Կրթություն եւ համերաշխություն» արհմիությունը։

Վահրամ Թոքմաջյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով կոնկրետ այս դեպքին, նշեց, որ իրենք Վ. Բաբաջանյանի ծրագիրը գնահատել են 17.3. «Բավականին լավ գրված ծրագիր էր, 2 բաժին չէր համապատասխանել չափանիշներին, ինչի մասով մենք մեր հիմնավորումները տվել էինք: Մյուս կազմակերպության կարծիքին ծանոթ չեմ, թե ինչու են 13.3 գնահատել, բայց մեր տված ցանկացած միավորի համար մենք դուխով պատասխանատու ենք, առավել եւս, որ չափելի է»:

Ինչպես նկատում է Վ. Թոքմաջյանը, այս ընթացքում 2 կազմակերպությունն իրար հետ շուրջ 450 ծրագիր են փորձաքննել, որից միայն 5-6-ի մեջ են եղել գնահատման էական տարբերություններ. «Բողոքարկումներ շատ են եղել, բայց եղել են ոչ թե 2 կազմակերպությունների տված գնահատականների տարբերությունների մասով, այլ, որ զուտ մարդը համաձայն չի եղել այդ գնահատականի հետ: Աբսուրդ բողոքարկումներ էլ են եղել, օրինակ՝ նշել ես, որ ծրագիրն արտագրված է այսինչ աղբյուրից, բողոքարկումից հետո ասել է` հա, լավ, արտագրել էի, բայց ոչ այդ աղբյուրից»: Վ. Թոքմաջյանը դժվարանում է ասել, թե այդ 450 ծրագրից քանիսն են հաղթահարել պահանջվող շեմը, ասում է` այդ վիճակագրությանն ավելի հստակ նախարարությունն է տիրապետում, բայց մոտավոր հաշվարկներով կարող է ասել, որ իրենց կազմակերպության կողմից փորձաքննված ծրագրերից շուրջ 25-30-ն են հաղթահարել շեմը:

«Օրինակ, ինձ քիչ ծրագրեր են գալիս Շիրակի մարզից, որովհետեւ ես ծագումով շիրակցի եմ` շահերի բախումը բացառելու համար։ «Մասնակցային դպրոցին» էլ ընդհանրապես ծրագրեր չեն գնում Արմավիրի մարզից, որովհետեւ իրենց փորձագետներից մեկը կարծեմ Արմավիրից է, էլի շահերի բախումը բացառելու համար, բայց դա չի խանգարել, որ նույն մարդը 4 անգամ ծրագիր ուղարկի՝ 4 անգամ էլ ուրիշի կողմից գրված»:

Թե ինչ չափանիշներով են գնահատում տնօրենների ծրագրերը, Վ. Թոքմաջյանը նշում է, որ կա 9 բաղադրիչ, որոնցով գնահատում են ծրագրերը. «Ընդհանուր իրավիճակի վերլուծությունն է, որտեղ հավակնորդը պետք է ներկայացնի ուսումնական հաստատության շենքային պայմանները, նյութատեխնիկական բազան, հաստատության կառավարման մարմնի ու տնօրենի համագործակցության վերլուծությունը, մանկավարժական համակարգը, մասնագիտական որակները, օգտագործվող նորարարությունները, չափորոշչային պահանջների վերլուծությունը, արժեքային միջավայրը, աշխատակազմի խրախուսումը, ֆինանսական ցուցանիշները, նաեւ գործողություններ, միջոցառումներ, պատասխանատուներ, գնահատման չափանիշներ, թե ինչպես է գնահատելու իր ծրագիրը, դրա համապատասխանությունը, արդյոք իր ծրագիրը համապատասխանո՞ւմ է, թե՞ լոլո է: Այստեղ նոր բան չկա, նախկինում էլ են իրենք այս ծրագրերը ներկայացրել, պարզապես նախկինում մի ծրագրից «քոփի փեյստ» են արել: Հիմա եթե դուք բացեք 2021-ից առաջվա ծրագրերը, մինչեւ այս պրոցեսի մեկնարկելը, կարող եք անգամ տեսնել, որ մի դպրոցի ծրագիրը դրված է մյուս դպրոցի կայքում՝ որպես այդ դպրոցի զարգացման ծրագիր, այսինքն՝ անգամ զլացել են անունները փոխել: Այսպիսի վիճակ էր, բայց հիմա դա դարձել է չափելի, եւ համապատասխան հրամաններով չափելի գործիքակազմ է ապահովվում դրա համար»:

Վ. Թոքմաջյանը կանխատեսում է բողոքի նոր ալիք, քանի որ 2 շաբաթ առաջ կառավարության որոշում փոխվեց` տնօրենի նշանակման կարգում, ըստ որի՝ այլեւս մարզպետարանները չեն անելու հարցազրույցի փուլը, այլ` ԿԳՄՍՆ մասնագիտական հանձնաժողովը։ «Այսինքն, եթե մարզպետարանի ենթակայության դպրոց է, ապա մարզպետարանն ունենալու է ներկայացուցիչ այդ հանձնաժողովում, նույնը՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների դեպքում, բայց հանձնաժողովը լինելու է նախարարությանը: Այդ որոշումը ես ողջունում եմ, որովհետեւ կազմաքանդվում է 30 տարվա մի մեծ բուրգ»,- նշում է Թոքմաջյանը:

Մտավախություն չունի՞, որ մի բուրգ կքանդվի, բայց տեղը նույն տրամաբանությամբ մեկ այլ բուրգ կստեղծվի, այս անգամ` ԿԳՄՍՆ-ի ձեռքի տակ։ «Այդ վտանգը միշտ կա, բայց եթե դու որպես տնօրենի հակակնորդ «դոստուպ» ունեիր մարզպետին` խնամի, ծանոթ, բարեկամ, քաղաքական թիմ ճանապարհով, իսկ մենք գիտենք նաեւ, թե ինչերի համար են պատասխանատու եղել որոշ դպրոցների տնօրեններ, հիմա դա էլի կարող է լինել, ես ոչինչ չեմ բացառում, բայց դեռ այդ միտումը գոնե նախարարության գործելաոճում չենք տեսնում, թե չէ ես առաջին ասողը կլինեի: Հիմա եթե անգամ լինի, դա մեծ տոկոս չի կազմի, հետո՝ չի կարող ամեն ինչ իդեալական լինել: Իսկ ինչ վերաբերում է զարգացման ծրագրերին, ես հասկանում եմ բողոքը, սեւ շուկա է արդեն ձեւավորվել, մարդիկ փողով ծրագրեր են գրում, գալիս կտրվում են: Պլագիատները գտնում ես, ինքը բողոքարկում է մի բաժինը, բայց չես հասկանում, թե ինչու է բողոքարկում, երբ արտագրություն ես գտել մեջը: Ամոթ է, որ այդպիսի մարդը երեխա է կրթելու, դաստիարակելու, մինչդեռ ինքը զբաղված է պարզ գրագողությամբ, հատկապես որ բարդ բան չկա, եւ ինքը պետք է նկարագրի այն աշխատանքը, որն անելու է»:

Փորձագիտական թիմում, որը գնահատում է տնօրենների զարգացման ծրագրերը, ընդգրկված են տնտեսագետ-ֆինանսիստ, միջազգային փորձի մասնագետ, 2 առանձին փորձագետ, որոնք ամբողջական ծրագիրը նայում են. «Բոլոր փորձագետներն էլ կարդում են բոլոր բաժինները, բայց գնահատական են նշանակում միայն իրենց բաժնի համար: Այս բոլոր փուլերից հետո, երբ միավորները ձեւավորվում են, վերջում այդ բոլոր ծրագրերը ես եմ կարդում, քանի որ իմ ստորագրությամբ են գնում, եւ վերջնական միավորը ես եմ նշանակում»:

Ճիշտ չէ՞ր լինի, որ 2 անգամ էլ նույն կազմակերպությունը գնահատեր տնօրենի ծրագրերը, որպեսզի վերջնարդյունքում տեսնեին` իրենց դիտարկումներն ընդունվե՞լ են, թե՞ ոչ, եւ որքանով է տնօրենի հավակնորդը բարելավել իր ծրագիրը։ «Հիմա այդ փորձաքննության կարգը մշակվում է…, ի դեպ, ինչքան գիտեմ` ստուգելու համար մի փունջ ծրագրեր ուղարկվել են 2 կազմակերպություններին էլ, առանց մեզ այդ մասին տեղյակ պահելու, որ ստուգեն, տեսնեն՝ օբյեկտի՞վ են գնահատականները, թե՞ ոչ: Ու, ինչքան գիտեմ, տարբերություններ չեն եղել»:

Ինչ վերաբերում է զարգացման ծրագրերի ծավալին, որը հարյուրավոր էջեր է կազմում, զրուցակիցս նկատում է, որ ի սկզբանե սահմանափակում չի եղել այս հարցում, ավելին` իրենք են առաջարկել էջային սահմանափակում դնել, որովհետեւ հաճախ հավակնորդները 30 էջ սքանավորված փաստաթղթեր են ներառում ծրագրում, օրինակ, թե դպրոցի ստեղծման օրից ինչ գույք է մտել դպրոց.

«Կտեսնես մի 50 հատ նկար` «Մեր առօրյան» վերնագրով, կամ մի 15 էջ` շենք-շինության տեխնիկական բնութագրերի սքանները։ Դա մեզ հետաքրքիր չէ, եւ չգիտեմ՝ ինչու են հավակնորդները մտցնում դա ծրագրի մեջ, այսինքն՝ նման պահանջ չկա, ավելին` առաջարկել ենք էջային սահմանափակում մտցնել, որ 230 էջանոց ծրագիր չգա, քանի որ ամբողջ օրդ գնում է այդ ծրագիրը կարդալու վրա, դեռ չեմ ասում գնահատելու մասին, 3 օր տեւում է, որ կարդաս ու ոչ մի բան չվրիպես: Փորձը ցույց է տալիս, որ ամենառացիոնալ ծրագրերը միջինում 60-70 էջանոց հստակ ծրագրերն են, որոնք ուռճացված չեն»:

Անդրադառնալով արտագրված ծրագրերին, զրուցակիցս նշում է, որ յուրաքանչյուր 3-րդ ծրագրում կան արտագրության դեպքեր. «Որ տեսանք արտագրությունները շատ են, առաջարկեցինք մեխանիզմ՝ հետագայի հետ կապված, որ այդ բաժինը միանգամից զրո է դրվում, եթե մասնակի կամ լիարժեք արտագրություն է: Նաեւ առաջարկել ենք որոշակի քանակից հետո մերժել, ենթադրենք՝ մի անգամ արտագրել է, բացատրեցիր` հասկացավ, բայց եթե 2-րդ, 3-րդ անգամ էլ արտագրեց, կասեցնել հավաստագիրը»:

Հ.Գ․ Ի դեպ, Վահրամ Թոքմաջյանը շատ լայն գործունեություն է ծավալում` մասնակցելով եւ հաղթելով տարբեր մրցույթներում: Օրինակ, էկոնոմիկայի նախարարության հայտարարած մի տենդերում նա շահել էր «Գիտության եւ գործարարության օրեր» անունը կրող համաժողովի հանրայնացման աշխատանքների կազմակերպումը, որի համար պետբյուջեից 64 հազար դոլար գումար էր ստացել: Նա անգամ ամանորյա խնջույքների կազմակերպմամբ է զբաղվում` Աջափնյակ վարչական շրջանի այս տարվա ամանորյա խնջույքի տենդերն է շահել:

 



Նման նյութեր